211652_close_icon
views-count18432 դիտում article-date 16:32 03-08-2021

Մալաթիայում տիրում է գարշահոտություն ու կա համաճարակի վտանգ, մինչդեռ քաղաքապետարանը, թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» «ուղտի ականջում քնած են»․ իսկ այդ վայրում առաջիկայում բացվելու է 44-օրյա պատերազմում զոհվածին նվիրված խաչքար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 15 օրից ավելի է՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ժողովրդին հայտնի Բ2 թաղամասում գտնվող Ճառագայթային Գ շենքի բակում տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն այդ օրերի ընթացքում ում ասես՝ ահազանգել են։ Էլ Երևանի քաղապետարանի թեժ գիծ, էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, էլ «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի տեղից դրական պատասխան չեն ստացել։

Ֆոտլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «300-ից 400 մետր հեռավորությունից հոտն այնպես է խեղդում, որ հասկանում ես, որ ինչ-որ բան այնպես չէ։ Դիտահորերից կոյուղաջրերը կեղտով լցվում են փողոցով մեկ։ Բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր կան։ Չեք պատկերացնում․ ամառվա այս տապին չենք կարողանում փողոց դուրս գանք։ Մենք մեծ ենք՝ հասկանում ենք, բա երեխեքին հո չես կարող ասել՝ մնացեք տանը։

Զանգել ենք «Վեոլիա ջուր», գցում է քաղաքապետարանի վրա, քաղաքապետարան ենք զանգում՝ գցում են թաղապետարանի վրա։ Իրար պաս են տալիս, բայց սայլը տեղից չի շարժվում։ Հետո էլ ասում են՝ կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկը նաև սանիտարական հիգիենայի պահպանումն է։ Բա հիմա ոնց չասես՝ «ձուն գա ձեր գլխին»։ Եթե էս խնդիրը չեք լուծում, բա էլ ո՞ւմ դիմենք։ Ուզում եք՝  հետո էլ ձեզ չքննադատենք։

Երեկ լրատվականներով իմացանք, որ Շենգավիթ վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանն ու Շենգավիթի թաղապետարանը մի քանի կիլոմետրանոց կոյուղատարրեր է կառուցելու։ Մնում է՝ էս ողջ բնակիչներով գնանք Շենգավիթի թաղապետի դուռը, խնդրենք, որ մի կոյուղախողովակ էլ մեզ համար կառուցի։ Թե չէ մեր թաղապետը կարծես՝ ուղտի ականջում քնած է»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ հատվածում առաջիկա օրերին բացվելու է այդ թաղում բնակվող 44-օրյա պատերազմում զոհված հերոսի անունով խաչքար անկյուն։ Ու հիմա՝ բացման օրը հյուրերն ու մասնակիցները ականատես են լինելու ոչ միայն այդ կեղտին, այլև, երևի, հակագազով պետք է պաշտպանվեն, եթե մինչ այդ պատկան մարմնի պատասխանատուները չզարթնեն «փարավոնյան քնից» ու խնդիրը չլուծեն։ 

Լուսանկարներն ու տեսնանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր