211652_close_icon
views-count31968 դիտում article-date 11:01 02-08-2021

Սպանության փորձ Կոտայքի մարզում․ դիմակավորված 2 ճիվաղ փորձել են թալանել Երևանի ավագանու անդամի տունը․ Երևանի ավագանու անդամն ու նրա հայրը տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ, օգոստոսի 1-ին, դիմակավորված, դանակով զինված հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Գիշերը, ժամը 01։10-ի սահմաններում 2 դիմակավոր անձինք բաց դռնից մուտք են գործել Նոր Հաճն քաղաքի Նոր-Արտամետի փողոցներից մեկի սեփական տուն, հավանաբար՝ փորձել են թալանել այն, սակայն դիմադրության են արժանացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, օտար մարմին, սառը զենք, տրավմատիկ պնևմոթորաքս», ախտորոշմամբ իրենց մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, իսկ որոշ ժամանակ անց «գանգի շրջանի բաց վերք, աջ ստորին կոպի հեմատոմա» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Դալլաքյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Նոր Հաճն քաղաքի Նոր-Արտամետի 4-րդ փողոցի նրբանցքներից մեկի շենքերի բնակիչներ 42-ամյա Արման Անտոնյանը և 87-ամյա Ազատ Անտոնյանը։

Ճիվաղները հանդիպելով դիմադրության, դեպքի վայրից դիմել են փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, իսկ Արման Անտոնյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։ 

Փաստի առթիվ Ա․ Դալլաքյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել Ս․ Սեդրակյանը, ում կողմից հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի, բնակարանի անձեռնմխելիության և մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ ստահակների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր