211652_close_icon
views-count11842 դիտում article-date 16:08 20-05-2021

Սահմանն ազատ է եղել, 3-4 կմ մտել, դիրքավորվել են․ Ադրբեջանը հաստատ պահանջելու է դեմարկացիա՝ արագացված տեմպերով․ ակնհայտ է՝ «հարիֆի» են գտել և ճնշում են, ոնց ուզում են․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Տեսականորեն, այո՛, կարող են, օրինակ, հայտարարել ռազմական դրություն և հետաձգել ընտրությունները, բայց չեղարկել չեն կարող, որովհետև մեր Սահամանդրությամբ նախատեսված որևէ մեխանիզմ չկա՝ այս ամենը հետ պտտեցնելու համար։

Ինչպես հայտնում է Tert.am-ը, այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սյունիքում տիրող իրավիճակից ելնելով՝ իշխանությունը կարող է հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել ԱԺ արտահերթ ընտրությունները։


Նա ընդգծել է՝ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն կարող լինել, բայց այդ ընթացքում որոշ քայլեր պետք է անել՝ սահմաններն ապահովելու համար։

«Այնինչ ես տեսնում եմ՝ ոչ մեկը պատրաստ չէ որևէ քայլ անել՝ սեփական երկրի սահմանները պաշտպանելու համար։ Սյունիքում, Գեղարքունիքում կատարվողի պատճառը միակն է՝ եթե ունես սահման, այն պետք է պաշտպանես քո զինված ուժերով, սահմանապահ ուժերով։ Խոսքն այն մասին է, թե ինչ խտությամբ են քո ուժերը տեղաբաշխված սահմանում, և, ընդհանրապես, որտեղ են քո դիրքերը։ Եթե դիրքը սահմանից 5 կմ հետ ես դնելու՝ քո տարածքի խորքում, ապա հակառակորդն անպայման գալու է քո դիմաց կանգնի։ Ումի՞ց եք բողոքում»,-ասել է նա։


Քոչարյանը նշել է՝ պատերազմից ամիսներ են անցել, և պետք է հնարավորություն տային ԶՈւ-ին՝ բավարար չափի պայմանագրային զինծառայողներ հավաքագրել և բոլոր տեղերում բավարար խտության և սահմանի բերանով դիրքավորվել։

«Ազատ էր, 3-4 կմ մտել են, դիրքավորվել են, հիմա էլ մեզանից ինչ-որ բաներ են պահանջում։ Իմ պատկերացումներով՝ հաստատ պահանջելու են դեմարկացիա՝ արագացված տեմպերով։ Դեմարկացիան նրանց պետք է՝ միջազգայնորեն ճանաչված սահման ստեղծելու համար և դրանով համարելու, որ Ղարաբաղի հարցը փակված է։ Չգիտեմ՝ ինչ պայմաններ են առաջ բերելու, բայց ակնհայտ է մեկ բան՝ «հարիֆի» են գտել և ճնշում են, ոնց ուզում, անում են, ասում են՝ այս հարցը պետք է լուծես, սա, սա։ Այս մարդիկ թուղթ ստորագրող մարդիկ են, միշտ այդպես է՝ չոքած մարդու վրա մի հատ էլ «քացով» տալիս են, ավելի համարձակ են, ազատ են, և վստահ են, որ որևէ դիմադրություն չի լինելու»,-հայտարարել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր