211652_close_icon
views-count40465 դիտում article-date 17:53 16-04-2021

Արտակարգ դեպք Երևանում. Honda-ն բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել սանմաքրման 2 աշխատակցի. վերջիններս 2 մետր բարձրությունից ընկել են. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Սողոմոն Տարոնց փողոցի խաչմերուկում Honda Fit մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel Vectra մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց  և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի:

Վթար-վրաերթի հետևանքով  3 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

 Վիրավորներին առաջինը օգնության են հասել  քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրեջ-փրկարարները: 

Օպերատիվ է գործել նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

 Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային  ոստիկանության բաժանմունքի  ավագ տեսուչներ Արթուր Բարսեղյանն ու  Մանվել Երեմյանը: 

Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները:

Վթար-վրաերթի մասին Երևանի ՃՈ  օպերատիվ կառավարման կենտրոնի  պատասխանատու հերթապահ  Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ: 

Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,  որ վրաերթի ենթարկվածները Շենգավիթ վարչական շրջանի  կանաչապատման աշխատակիցներ են եղել, ովքեր փողոցում բարեկարգման աշխատանքներ կատարելուց հետո նստել են «ՍՈւՍԻ» հագուստի սրահի նկուղային հարկի համար նախատեսված բազալտե պատվանդանի վրա և այդ ժամանակ վրաերթի են ենթարկվել և մոտ 2 մետր բարձրությունից ընկել նկուղային հարկ իջնող սանդուղքների վրա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր