137709 դիտում
23:41 14-07-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. «Գազելը» վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնին, հարվածել բենզատարին, բարձրությունից ընկել ու բախվել Opel-ին, բանակի խնջույքի մասնակիցները հրաշքով են փրկվել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 14-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 21:30-ի սահմաններում «Գազել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետեև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանցապատ ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի 34 VR 454 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված հետիոտնը, ում առաջինը օգնության են հասել բնակիչները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գխով տեղակալ Արթուր Դալլաքյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Վեդի բժշկական կենտրոնից երեխային Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն են ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատար Վ. Էվինյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահան Աղդաշյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե «Գազելը» բենզատար ավտոմեքենային չբախվեր, ապա մխրճվելու էր շենքի բակում բանակի քեֆի նպատակով հավաքված և խնջույք կազմակերպած բազմության մեջ, ինչը կարող էր անկախատեսելի հետևանքներ ունենալ:
Մարդիկ իրենց երեխային, հարազատին բանակ էին ճանապարհում ու երջանիկ պատահականությամբ այդ քեֆը չի մթագնվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածը մասնակցում էր բանակի այդ քեֆին, իսկ 2 օր հետո ինքն էր զորակոչվելու:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+