211652_close_icon
views-count1204 դիտում article-date 18:04 15-04-2021

ՀՀ դատախազությունը մշակել և ներկայացրել է օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններին, քրեաիրավական պրակտիկայի բարելավմանը միտված 16 առաջարկություն

ՀՀ գլխավոր դատախազությունը, ելնելով իր սահմանադրական բուն լիազորությունների իրացման արդյունավետության բարձրացման հրամայականից և հանդես գալով որպես պետության քրեական քաղաքականություն մշակող և իրականացնող մարմին, շարունակում է օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում  փոփոխությունների առաջարկություններով քրեական արդարադատության ոլորտիարդիական խնդիրների լուծմանը, իրավակիրառ պրակտիկայի բարելավման լուծմանը հետամուտ լինելու իր որդեգրած ուղեգիծը, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

2020թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան ուղեկցական գրություններով իրավասու պետական մարմիններ է ուղարկվել քրեական և քրեական դատավարության ոլորտները կարգավորող օրենսդրությունում, դրանից ածանցվող ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների, լրացումների 16 նախաձեռնություն, որը 2-ով ավելի է 2019թ․և 13-ով՝ 2018թ. համեմատ։

Նշված նախաձեռնություններից կարելի է առանձնացնել քրեական արդարադատության ոլորտին առնչվող հետևյալ մի քանիսը։

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի մի նախագծով առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) 1-ին մասի սանկցիայում, որպես պատժատեսակ, նախատեսել ազատազրկումը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելը նախատեսելով որպես լրացուցիչ պատժատեսակ։ Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի սանկցիայում առաջարկվել է խստացնել ազատազրկման ժամկետները՝ ներկայումս գործող առավելագույնը 1 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն սահմանելով առավելագույնը 6 տարի ժամկետով ազատազրկում։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող իրավակարգավորումների պայմաններում անձին ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ ընտրելիս պետք է նշանակվի կամ տուգանք, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը։ Այսինքն՝ այն դեպքում, երբ դատարանի կողմից նշանակվում է միայն որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժը, անձն ընդամենն ազատվում է իր զբաղեցրած աշխատանքից և առավելագույնը երեք տարի ժամկետով կարող է զրկվել այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Ակնհայտ է, որ վերջինս չի համապատասխանում այդ հանցագործության հասարակական վտանգավորությանը և բնույթին։ Իսկ եթե նշանակվում է տուգանք, ապա այդ դեպքում էլ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատիժը նշանակվել չի կարող։ Դա այն դեպքում, երբ արարքը կապված է աշխատանքային թերացումների, պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետ, և շատ դեպքերում այդ պատժի չնշանակումը կարող է չկանխել հետագայում անձի կողմից համանման բնույթի հանցագործությունների կատարումը։

Մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 3-րդ մասը փոխել և նախատեսել, որ ՀՀ քրեական օրենսգրքի իմաստով իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով, իսկ 316-րդ հոդվածում իշխանության ներկայացուցիչ է համարվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը: Բացի այդ, առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 3171 հոդվածով, որի 1-ին մասով նախատեսվում է սահմանել, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Միաժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ այդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրվել կամ բռնություն գործադրելու սպառնալիք է եղել, մինչդեռ հնարավոր չի եղել արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով, քանի որ վերը նշված կարգադրիչ լիազորությունը բացակայել է: Բացի այդ, գործող կարգավորումներով «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, քրեական պատասխանատվություն նախատեսված չէ (որոշակի բացառություն է կազմում ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածը)։ Դա հաճախ արարքի որակման առումով խնդիրներ է ստեղծում և հանգեցնում ոչ արդարացի քրեաիրավական գնահատականի:

ՀՀ դատախազության մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4341 հոդվածում կատարել լրացում, համաձայն որի՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց և դատարան ներկայացնելուց հետո, դատարանը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, հետախուզվողին հայտնաբերելու մասին տեղեկացնել դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին: Այսպիսի կարգավորմամբ կապահովվի դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի գործառույթների լիարժեք իրացումը և պատժի ի կատար ածումը:

ՀՀ դատախազության անմիջական ներգրավվածությամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ, մշակվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթ։ Վերջինս ուղղված է կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարման կասեցմանն առնչվող իրավակարգավորումների հստակեցմանը, ինչը վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտվելու նշված գործիքակազմից: Փաթեթը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ուղարկվել է Ազգային ժողով:

2020թ․ ՀՀ դատախազությունում իրականացվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի կիրառման շուրջ եռամյա պրակտիկայի վերլուծություն: Արդյունքում մշակվել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը նաև բխում է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից։ Մասնավորապես առաջարկվում է փոփոխել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի ձևավորման կարգը, որպեսզի որակավորման հանձնաժողովի անդամների մեծամասնությունը նշանակվի ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությունը չներառող ընթացակարգով: Որպես լուծում՝ նախագծով առաջարկվել է տվյալ իրավասությունը վերապահել ՀՀ դատախազության կոլեգիային: Հիշեցնենք, որ ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովը զբաղվում է դատախազների թափուր պաշտոնների համալրման բաց և փակ մրցույթների, դատախազների ատեստավորման անցկացման և ծառայողական առաջխաղացման ցուցակների ձևավորման հարցերով։

Նմանատիպ նյութեր