211652_close_icon
views-count2355 դիտում article-date 17:05 30-03-2021

Հաճելի անակնկալներ ՀՀ լողի առաջնությունում

Մեկամյա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի լողի առաջնությունը: Երևանում,  Դավիթ Համաբարձումյանի անվան լողավազանում մրցեցին 108 մարզիկ - մարզուհիներ: Նրանց ընդհանուր պատրաստականությունը, թող զարմանալի չթվա, գոհացրեց մասնագետներին: ՀՀ վաստակավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության հետ զրույցում ասաց, որ   շատ արդյունքներ գրանցվեցին որպես սպորտի վարպետի և միջազգային կարգի վարպետի ցուցանիշ: Եղան նաև  հանրապետական  ռեկորդներ: 100մ. ազատ լողաոճում 49, 73 վայրկյանով  ՀՀ ռեկորդ սահմանեց և միջազգային վարպետի արդյունք ցույց տվեց Արթուր Բարսեղյանը:  Նույն ոճում, կանանց պայքարում, վարպետի արդյունքով աչքի ընկավ  Վարսենիկ Մանուչարյանը. 50մ. ՝ 26, 92 վայրկյան և 100մ. ՝ 58, 24 վայրկյան:

Արտակարգ լարված մրցակցություն ծավալվեց նաև 50մ., 100մ. և 200մ.  բրասում: Նշենք թեկուզ 200մ. մրցատարածությունը: Առաջին եռյակում դասավորված Էդվարդ Ասատրյանի / Երևան / , Ռուբեն Հարությունյանի / Գյումրի / ,Դավիթ Մարգարյանի / Երևան /  արդյունքների տարբերությունները ընդամենը  տասնորդական վայրկյաններով են. 2.29,42, 2.30,00 և 2.30, 52: Էդվարդ Ասատրյանը  100մ. բրասում առաջին անգամ լրացրեց վարպետի նորման / 1.06,94 /: Այսքանով հանդերձ, մասնագետները հիշում են հեռավոր 1984թ. Արմեն Կոբելինի 100մ. սահմանած հանրապետական ռեկորդը բրասում՝  1.04,80: Այդ արդյունքը առայժմ  անգերազանցելի է:

Բոլոր մասնակիցներից միայն մեկը՝ Արթուր Բարսեղյանն ունի օլիմպիական վարկանիշային Բ՝ երկրորդ  կարգի արտոնագիր,որին նա արժանացել է դեռևս 2019թ.: Բայց Տոկիո մեկնելու համար հարկ է լրացնել առաջին կարգը: Նա  արագ վայրկյաններ պիտի ցույց տա պաշտոնական և վարկանիշային համապատասխան   մրցաշարերում: Դրա համար անհրաժեշտ է համավարակի <<   թույլտվությունը >> : Կարևոր են Եվրոպայի, աշխարհի առաջնությունները, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, ՌԴ –ում և այլ երկրներում նախատեսված վարկանիշային մրցաշարերը: Ուստի հասկանալի է,  թե ինչու նախորդ մրցաշրջանում չանցկացվեց լողի համապետական առաջնությունը: Եթե ոչ լողավազանում , ուրիշ որտեղ պետք է լողորդները օլիմպիական ուղեգիր նվաճեն: Ահա թե ինչի է հանգեցրել կորոնավիրուսը:

Նմանատիպ նյութեր