211652_close_icon
views-count1480 դիտում article-date 14:59 27-03-2021

Թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է. ՀԹԳՄ նախագահը շնորհավորել է գործընկերների մասնագիտական տոնը

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորել է թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ վստահեցնելով, որ թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է:

Շնորհավորական տեքստում ասվում է. «Կասկած չունեմ, որ մենք ուժ կգտնենք հաղթահարելու ծանր ու դժվարին ժամանակները, որ կարողանանք լիարժեք վերադառնալ մեր անփոխարինելի գործին: Դրա վկայությունն են իրար հաջորդող պրեմիերաներն ու լեփ-լեցուն դահլիճները: Թատրոնի մոգական ուժն առավել քան երբևէ պարտավորեցնում է մեզ ստեղծագործել ու արարել, պարտավորեցնում է ամեն գնով բաց պահել վարագույրը, մշտապես վառել բեմի հեքիաթային լույսերը: Եվ այդպես էլ կլինի, քանզի մեր ականավոր վարպետների կողքին այսօր վստահորեն քայլում են իրենց արդեն հաստատած, օր օրի մեզ հաճելիորեն զարմացնող վառ երիտասարդներ: Վստահորեն կարող ենք ասել, որ մեր թատրոնի ապագան հուսալի ձեռքերում է: Մեկ անգամ ևս շնորհավոր, ուժ ու կորով մեզ բոլորիս»:

Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: Համաձայն կանոնադրության՝  այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:

Նմանատիպ նյութեր