211652_close_icon
views-count1944 դիտում article-date 11:15 26-02-2021

ԵՄ 27 անդամ պետությունները քննարկել են «կորոնաանձնագրերի» և պատվաստման գործընթացն արագացնելու հարցերը

Եվրամիության 27 անդամ պետությունների ղեկավարները հինգշաբթի առցանց գագաթնաժողովի ընթացքում քննարկել են «կորոնաանձնագրերի» գաղափարը և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արշավն արագացնելու մոտեցումները, հայտնում է Greek City Times–ը:

Գագաթնաժողովի ընթացքում ԵՄ առաջնորդներն անդրադարձել են «կորոնաանձնագրերի» մասին համաձայնագրին, որը կարող է հեշտացնել օդային ճանապարհորդությունը: Հունաստանը, Իսպանիան և Իտալիան աջակցում են գաղափարին, այնուամենայնիվ, ԵՄ հյուսիսային գործընկերները, ինչպես օրինակ Գերմանիան, կասկածում են վկայագրերի արդյունավետությանը:

«Մենք քննարկել ենք պատվաստումների վկայականների հարցը: Պայմանավորվել ենք շարունակել մեր աշխատանքն ընդհանուր մոտեցման շուրջ: Անհրաժեշտ է ավելի շատ աշխատանք կատարել` թվայնացման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության ուղղությամբ: Եվրոպական խորհուրդը կանդրադառնա այս հարցին», - ասել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վոն դեր Լեյենը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է, որ միության չափահաս բնակչության 8 տոկոսն արդեն պատվաստվել է:

Եվրահանձնաժողովը գործարքներ է կնքել մի քանի ընկերությունների հետ՝ պատվաստանյութի ավելի քան 2 միլիարդ չափաբաժին ստանալու համար: Խոսքը Pfizer-BioNTech, Moderna և AstraZeneca ընկերությունների մասին է: Պաշտոնյաներն ասում են, որ Johnson & Johnson պատվաստանյութը կարող է հաստատվել հաջորդ ամիս:

«Մենք վճռականորեն շարունակելու ենք աշխատել միասին և համակարգել մեր գործողությունները` համավարակն ու դրա հետևանքները հաղթահարելու համար: Իրավիճակը շարունակում է լուրջ մնալ, և վարակի նոր տարբերակները լրացուցիչ մարտահրավերներ են առաջացնում», - ասված է ԵՄ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

 

Նմանատիպ նյութեր