Պատվաստման գործընթացն առավել հարմարավետ դարձնելու համար ներդրվել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ. ԱՆ
Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար պատվաստումային շրջիկ կայաններում երկար սպասելու կարիք չի լինի։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացն առավել հարմարավետ ու դյուրին դարձնելու համար ներդրել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակն անհարկի կուտակումները բացառելն է և գոյացած հերթերը կանոնակարգելը։
Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող պատվաստումային կայան, ծանոթացել հերթերի կարգավորման նոր համակարգի գործարկմանն ու դրա շնորհիվ կարգավորվող պատվաստման ընթացքին։
Նշենք, որ էլեկտրոնային գրանցման համակարգը ներառում է 3 բաժին՝
- ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք
- քաղաքացիություն չունեցող անձինք
- կացության իրավունք ունեցող անձինք
Համակարգը նախատեսում է ինչպես պատվաստումային գործընթացի իրականացում, այնպես էլ խորհրդատվություն:
Հաշվի առնելով, որ COVID-19-ի դեմ պատվաստվել ցանկացողների թիվը գնալով մեծանում է՝ առողջապահության նախարարությունը շարունակելու է պատվաստման գործընթացը մարդկանց համար առավել հասանելի, պարզ և վստահելի դարձնելու ամենօրյա աշխատանքները։