1675 դիտում
10:58 26-01-2021
Հաջողությունն այսօր էլ ուժի մեջ է՝ անկախ նրանից, թե ներկայիս իշխանությունն ինչպիսի աղետի է հասցրել մեր երկիրը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանն իրականում խորհրդարանական երկիր չէ: Մեր կառավարման համակարգը վարչապետական է: Իրականում տերմինաբանությունը բացարձակ կարեւոր չէ. Հայաստանի 3 նախագահները եւ ներկայիս վարչապետն օժտված էին եւ են Կենտկոմի առաջին քարտուղարի իրավասություններով, չունեն իրենց իշխանությունը հավասարակշռող որեւէ բեւեռ (1995 թվականից սկսած Ազգային ժողովն իր հլու-հնազանդ մեծամասնությամբ զուտ խորհրդանշական բնույթ է կրում), չկան նաեւ առաջին դեմքերին պատասխանատվության ենթարկելու եւ պաշտոնից հեռացնելու լուրջ իրավական մեխանիզմներ: Ուզում ես՝ ամբողջ Հայաստանը հանձնիր թշնամուն, ուզում ես՝ բնակչության կեսը զոհիր, միեւնույն է՝ ոչ մի բան չի խանգարի քեզ շարունակել մնալ աթոռին:
Բայց եկեք մի պահ ենթադրենք, որ Հայաստանն իսկապես խորհրդարանական երկիր է, եւ ընտրողներն այս կամ այն քաղաքական ուժին ձայն են տալիս՝ կողմնորոշվելով նախընտրական շրջանում իրենց հրապարակած ծրագրով: Այդ դեպքում կստացվեր, որ Հայաստանի 884 864 քաղաքացի քվեարկել է 2018 թվականի ընտրություններում ներկայացված «Իմ քայլը» դաշինքի ծրագրին, որում, մասնավորապես, Արցախի հարցում գրված է հետեւյալը. «Արցախի ժողովրդի, միջազգային իրավունքի նպատակներին եւ սկզբունքներին համապատասխան, ինքնորոշման իրավունքի իրականացման նպատակով մեր քայլերն ուղղվելու են՝
1. Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը,
2. Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմի` կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչմանը եւ բանակցություններին ներգրավվածության ապահովմանը,
3. հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը եւ հետաքննման մեխանիզմների ներդրմանը,
4. Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը,
5. Արցախի միջազգային կապերի, բնակչության ազատ տեղաշարժի եւ հումանիտար շփումների օժանդակմանը»։
Հիմա ասացեք, խնդրեմ, այդ ծրագրի ո՞ր կետերն են կատարվել: Գուցե «Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացո՞ւմը»:
Քանի որ ոչ մի կետ չի կատարվել, եւ վիճակը բոլոր տեսակետներից օրհասական է, ըստ դասական քաղաքական տրամաբանության, հաջորդ ընտրություններում ընտրողները չպիտի ձայն տան «Իմ քայլին»: Բայց Հայաստանում ոչ մի դասական տրամաբանություն չի գործում: Այդ 884 864 հոգուց «Իմ քայլի» ծրագիրը կարդացել է հազիվ մի քանի տասնյակ մարդ, բայց այդ հազվագյուտ հետաքրքրասերներին անգամ չէին հետաքրքրում ո՛չ «Իմ քայլը» (որի ցուցակի անդամների մեծ մասին նրանք չէին ճանաչում), ոչ էլ նրա ծրագիրը: Նրանք ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին՝ այն բանի համար, որ վերջինս հաջողությամբ իրականացրել էր «Մերժիր Սերժին» ծրագիրը: Եվ այդ հաջողությունն այսօր էլ ուժի մեջ է՝ անկախ նրանից, թե ինչպիսի աղետի է ներկայիս իշխանությունը հասցրել մեր երկիրը:
Այդ իսկ պատճառով ես ամենեւին չեմ բացառում, որ անգամ, եթե Փաշինյանը հրաժարական տա, եւ ձեւավորվի անցումային կառավարություն, նույնիսկ այդ պարագայում արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած քաղաքական ուժը կհավաքի ձայների մեծամասնությունը: Բայց միայն այդ դեպքում մենք գործ կունենանք «մաքուր գիտափորձի» հետ, որն ակնհայտորեն ցույց կտա մեր հասարակության հասունության աստիճանը»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2909 դիտում
10:35 26-10-2018
ՀՀԿ-ն է ընդդիմության հայտ ներկայացրել, անկախ նրանից` կանցնե՞ն խորհրդարան, թե՞ ոչ․ «Առավոտ»
Այս բաժնից
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1708 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»