211652_close_icon
views-count1531 դիտում article-date 11:21 16-01-2021

Մրից մրջուրը մտնելը բան չի փոխի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նախորդ խմբագրականում ես գրել էի այն մասին, որ, եթե Փաշինյանը մնա վարչապետի պաշտոնում, արտահերթ ընտրություններ անցկացնելը ժամանակի եւ ռեսուրսների անիմաստ կորուստ է լինելու, որովհետեւ այդ պարագայում իշխանության վերարտադրությունն անխուսափելի է: Բնականաբար, հարց է առաջանում, իսկ ո՞ր դեպքում այդ միջոցառումն իմաստ կունենա: Ինձ այժմ սրտամոտ է «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ներկայացնող Սուրեն Սահակյանի առաջարկը, որ քիչ թե շատ նորմալ ընտրություններ անցկացնելու համար կես տարի պետք է լինի «չեզոք» վարչապետ եւ «չեզոք» կառավարություն: Պարզ է, որ Փաշինյանն ու իր թիմը դրան համաձայն չեն, իսկ նրանց վրա ճնշում գործադրելու մեխանիզմներ, որքան հասկանում եմ, չկան: Բայց զուտ տեսականորեն լավագույն տարբերակն, իմ կարծիքով, այն է, որ ժամանակավոր վարչապետի պաշտոնը զբաղեցնի մի մարդ, որը ո՛չ անձամբ, ո՛չ էլ՝ որպես կուսակցության կամ կուսակցությունների խմբի ներկայացուցիչ, իշխանական հավակնություններ չունի եւ առաջիկա ընտրություններին չի մասնակցի: Այդպիսի թեկնածու ես, ճիշտն ասած, այս պահին չեմ տեսնում, բայց խորը մտածելու դեպքում, նման մարդկանց, հավանաբար, հնարավոր է գտնել: Մնացած տարբերակները նույնքան փակուղային են, որքան Փաշինյանի մնալով արտահերթ ընտրություններ անցկացնելն է: Եթե «ժամանակավոր վարչապետ» դառնա, ասենք, Վազգեն Մանուկյանը, ապա նա մոտակա 6 ամիսներին «կաշխատի» 17 կուսակցություններից մեկի կամ մի քանիսի հաղթանակի համար: Եթե այդ պաշտոնը զբաղեցնի Ռոբերտ Քոչարյանը, ապա նա ամեն ինչ կանի, որ եւս մի քանի ժամկետով վարչապետ մնա, եւ, ի դեպ, կհաստատի շատ ավելի կարծր եւ, մասնավորապես, մեզ՝ լրագրողներիս համար շատ ավելի անբարենպաստ ռեժիմ, քան հիմա է: Բայց զուտ քաղաքական իմաստով կլինի իշխանության նույն վերարտադրությունը: Այնպես որ ինքնին արտահերթ ընտրությունները եւ անգամ ԱԺ-ի կողմից քաղաքական հավակնություններ ունեցող «ժամանակավոր վարչապետ» ընտրելը հարցի լուծում չեն: Այս ամենը, կրկնեմ, զուտ տեսական տարբերակ է. իրական սցենարն այն է, որ Փաշինյանը կմնա վարչապետի պաշտոնում արտահերթ կամ հերթական ընտրությունների արդյունքում՝ այնքան ժամանակ, մինչեւ նրա դեմ իշխանական վերնախավում դավադրություն կազմակերպվի կամ հեղափոխություն տեղի ունենա: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ եմ ես բարձրացնում «ժամանակավոր վարչապետի» տեսական տարբերակը: Միայն մի նպատակով՝ ցույց տալու համար, որ մեր պետության խնդիրները կախված չեն կոնկրետ անձերից: Այս իշխանությունը վաղ թե ուշ կփոխվի: Ասացեք, խնդրեմ, որն է լինելու հաջորդ իշխանության առաջնային քայլը: Կասկածո՞ւմ եք, որ դա կլինի Փաշինյանին «պետական դավաճանության» համար դատելը, ինչպես նաեւ այսօրվա պաշտոնյաների ու պատգամավորների դեմ քրեական հետապնդումներ իրականացնելը: Ինչո՞ւ է այդպես: Ոչ թե այն պատճառով, որ այս իշխանությունը իրականում խայտառակ պարտության եւ ազգային նվաստացման հեղինակ է: Պարզապես ՀՔԾ-ն, դատախազությունը եւ մնացածը կհայտնվեն արդեն նոր իշխանության գրպանում եւ դարձյալ կկատարեն այն, ինչ կփչի նոր վարչապետի խելքին: Իսկ դրանից կարելի է անել միայն մեկ հետեւություն. 2018 թվականի հեղափոխությամբ պետական համակարգը չի փոխվել՝ որքան էլ մենք դա կցանկանայինք, եւ որքան էլ իշխանությունն ու նրա քարոզիչները փորձում են մեզ համոզել: Իսկ ինչու չի փոխվել՝ դա երկար խոսակցության թեմա է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր