Բայդենը հույս է հայտնել, որ Թրամփին պաշտոնանկ անելու ընթացակարգը չի ազդի իր վարչակազմի հաստատման ժամկետների վրա
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու ընթացակարգը չի ազդի նոր վարչակազմում գերատեսչությունների ղեկավարների հաստատման ժամկետների վրա:
«Այսօր Ներկայացուցիչների պալատի անդամներն օգտվեցին մեր Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններից և քվեարկեցին պաշտոնանկության ընթացակարգ սկսելու և նախագահին պատասխանատվության ենթարկելու օգտին»,- [url=https://buildbackbetter.gov/press-releases/statement-by-president-elect-joe-biden-on-the-house-of-representatives-impeachment-of-president-trump/]հաղորդագրություն[/url] է տարածել Բայդենը։
Նա նաև հույս է հայտնել, որ «Սենատում առաջնորդներն իրենց սահմանադրական պարտականությունները կատարելու այնպիսի միջոց կգտնեն, որը չի խոչնդոտի ԱՄՆ-ի համար կարևոր այլ հարցերի շուրջ աշխատանքը»։
Դեմոկրատն ընդգծել է, որ խոսքը Սենատում «առանցքային պաշտոնների համար իր առաջադրած թեկնածուների հաստատման մասին է, այդ թվում ՝ Ազգային հետախուզության տնօրենի, ներքին անվտանգության նախարարի, պետքարտուղարի, պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի»:
«Ես հաճախ ասել եմ, որ անհնար ոչինչ չկա, եթե մենք դա միասին անենք»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը:
Բանաձևն ընդունվել է 232 կողմ և 197 դեմ ձայներով: Թրամփին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել են նաև թվով 10 հանրապետական օրենսդիրներ: