211652_close_icon
views-count3211 դիտում article-date 15:24 18-12-2020

Ստորագրությունդ որ դրել ես, չե՞ս մտածել՝ հետո ի՞նչ պիտի անես․քարտեզներին չե՞ս նայել. Թևան Պողոսյան

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից հետո դեկտեմբերի 11-ին ու 12-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի հատվածում բախումներ էին տեղի ունեցել, իսկ դեկտեմբերի 13-ին այդ գյուղերը հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո: Հրադադարի խախտման մեխը, ըստ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի, պետք է փնտրել ոչ թե ադրբեջանական կողմի ռազմատենչ ցանկություններում կամ ռուսական խաղաղապահների գործողություններում, այլ միայն ու միայն մեր մեջ: Գրում է [url=https://168.am/2020/12/18/1431048.html?fbclid=IwAR3a2Ajioy5vkFmbwap-Mtv82vZgO1VAeAGe54TXU-66Rp75bHIhMDqOaoo]168․am[/url]-ը։ «Փաստաթղթի վերաբերյալ կա պարզ մի ճշմարտություն: Ովքե՞ր են ստորագրել փաստաթուղթը: Ստորագրել է Ադրբեջանի ղեկավարը, իր երազանքների մասին նորից չկրկնենք, ստորագրել է Ռուսաստանի ղեկավարը, որը, հասկանալի է, միջնորդի կարգավիճակում էր և երեկ էլ շատ բաց տեքստով ասաց, որ իր համար գլխավորը մարդկային կյանքերն են, և ստորագրել է Հայաստանի գործադիրի ղեկավարը, որը կրում է իր բաժին պատասխանատվությունը: Ապաշնորհ կառավարման հետևանքն է: Ստորագրությունդ որ դրել ես, չե՞ս մտածել՝ հետո ի՞նչ պիտի անես: Քարտեզներին չե՞ս նայել: Դրանից էլ օգտվում է թշնամին: Հիմա մենք ինչի՞ վրա ենք զարմանում, որ թշնամին ինչ-որ բանից օգտվո՞ւմ է: Թշնամին գաղտնիք չի պահել, բացահայտ, բաց տեքստերով ասում է: Դեկտեմբերի 10-ից էլ շքերթին է ասել: Էլ ո՞նց էդ մարդը բացատրի ու ասի… Երբ կան ստորագրված փաստաթղթեր, ամեն կողմը, որ ստորագրել է, ունի իր երազանքը և, այսպես ասած, պատասխանատվությունը կամ պարտավորությունները՝ դրանք կյանքի կոչելու: Հայկական կողմից ստորագրողը 0 պարտավորություններ է ստանձնել, 0 վերաբերմունք է ցուցաբերում, պարզապես տեղը նստած է, կամ չգիտեմ ինչ է անում, որովհետև այդ բոլոր հարցերը, որ ծագում են, ու մենք ասում ենք՝ «վայ, ո՞նց եղավ, էս գյուղերում չկան խաղաղապահները», վստահ եմ, որ խաղաղապահները եկել են, դասավորվել են իրենց քարտեզներով, տեսե՞լ էիք՝ սկզբում չկային, այդտեղ էլ դժվար է պահելը, գնայիք, բանակցեիք, ասեիք՝ «խաղաղապահներ ջան, եկեք Հին Թաղեր, Խծաբերդի այս մասում կանգնեք, մենք մեր եղած պաշտպանության բանակի ուժերը ուրիշ տեղ կտանենք: Ասենք, Ստեփանակերտի ու Ասկերանի մեջտեղը պետք չի ձեր կանգնելը, այդտեղ ոնց որ թե մենք կկարողանանք՝ հա՛մ հետևից են հայեր, հա՛մ դիմացից են հայեր, մենք այդտեղ ինչ-որ մի բան կկարգավորենք: Ձեր բլոկ-պոստը այնտեղ դրեք»: Բանակցելու պատասխանատվությունը պետք է լիներ հայկական կողմի վրա: Հիմա չենք արել, ոչ մի բան չենք արել, սխալ հրամաններ ենք տվել, չգիտեմ՝ ինչեր ենք կազմակերպել…»,- «Ինչո՞ւ է փորձության ենթարկվում նոյեմբերի 9-ի հայտարարությունը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Թևան Պողոսյանը: Վերջինիս խոսքով՝ բոլորի համար էլ շատ պարզ պետք է լիներ, որ ձմեռ է, ու այդ հատվածներում ձմռանը մառախուղ ու կապի խնդիր է լինում: Հետևաբար՝ պետք էր ուժեղացնել այդ հատվածը, որը, սակայն, նրա խոսքով, չի արվել: «Երկրորդ խնդիրը՝ ո՞նց եղավ, որ մինչև դեկտեմբերի 13-ը նույնիսկ ռուսական կողմն այդ գյուղերը մտցրել էր քարտեզի մեջ, իսկ հենց որ գերիների 44 հոգու փոխանակման տեղեկությունները եղավ, և նրանից հետո գերիները տեղ հասան, այդ գյուղերը կորան: Ունե՞մ ես լեգիտիմ իրավունք մտածելու, որ ինչ-որ մի բան այստեղ այն չէ»,- հարց բարձրացրեց Թևան Պողոսյանը: Մանրամասն՝ [url=https://168.am/2020/12/18/1431048.html?fbclid=IwAR3a2Ajioy5vkFmbwap-Mtv82vZgO1VAeAGe54TXU-66Rp75bHIhMDqOaoo]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր