211652_close_icon
views-count10458 դիտում article-date 14:07 26-11-2020

Պարտված ղեկավարը պետք է հրաժարական տա՝ և՛ պատերազմում պարտվածը, և՛ սպորտում․ Aravot.am

Պարտված ղեկավարը պետք է հրաժարական տա՝ և՛ պատերազմում պարտվածը, և՛ սպորտում․ կարծում է կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանը։ Գրում է [url=https://www.aravot.am/2020/11/26/1154603/?fbclid=IwAR0q3jcHdWRFdORE9UTQnTUT-6iQ8o-8zHYrgJm4_-9tsVrNtvsDXPhKDRs]«Առավոտը»[/url]։ Պատերազմական օրերին չէի կարողանում հարցազրույց անցկացնել կիոկուշին կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Առուշանյանի հետ, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ հայրենիքի պաշտպանությունն ամեն ինչից վեր է: Վերջապես Արթուրի հետ զրուցեցի, զգացի այն ամենն, ինչ իր ներսում է պահում, ցույց չի տալիս, բայց մեկ է՝ զգում ես այն ցավը, որը կա, իսկապես կա… Պատերազմի մասնակից չեմպիոնն անկեղծանում է, որ ցավալի իրականության հետ ենք ապրում, իսկ ինքն ինչքան ցանկանում է համակերպվել՝ չի ստացվում: – Արթուր, բազում հաղթանակներ բերեցիր Արցախի ու Հայաստանի համար, իսկ այսօր փոխզիջումների արդյունքում կորցրել ենք Արցախի մեծ մասը։ Ըստ քեզ` պարտվե՞ց, դավաճանե՞ց ռազմաքաղաքական ղեկավարությունը։ – Այո, պարտվեց ու դավաճանեց ռազմաքաղաքական իշխանությունը: Ու ես անպայմանորեն ցանկանում եմ մեջբերել Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի հենց այս խոսքերը. «Եթե Արցախը կործանվի, ապա միայն խաղերի պատճառով է կործանվելու»: Այդպես էլ եղավ: – Պատրաստվում ես կրկին Արցախո՞ւմ բնակվել։ – Արցախում ապրելու ցանկություն ունեմ, ինչպես մինչև հիմա ապրում եմ: Սակայն չեմ կարող զարթնել, նայել դեպի Շուշի ու նորից հիշեմ, որ ազերիներին Շուշին սկուտեղի վրա մատուցեցին, այո, պարզապես նվիրեցին: Չեմ համակերպվում այդ մտքի հետ: – Այս օրերին նախագահ Հարությունյանը հայտարարեց, որ կոմունալ և կապի ծառայություններն Արցախում մեկ տարի անվճար կլինեն` սահմանված կարգով, սահմանափակումներով։ Քո կարծիքով` սա հերթական «կո՞ւտն» է ժողովրդին։ – Կոմունալների և հեռախոսակապի ու ինտերնետի՝ մեկ տարով անվճար լինելու հետ կապված էլ ասեմ, որ դա ամենաքիչն է, որ կարող են անել այն ժողովրդի համար, որը միանշանակ մի կարծիք ունի մինչև հիմա, որ սա վաճառած պատերազմ էր: Հակառակ դեպքում մեկ տոկոսն էլ չեն վերադառնա մեր երբեմնի սիրուն և հպարտ Արցախ, որտեղ երազանքներն ու նպատակներն ուրիշ երանգ ունեն, որտեղ զգում ես կյանքի գինը, որտեղ ապրում ես ու երբեք հանձնվելու մասին չես մտածում: Արցախ աշխարհում հայ մարդը ավելի է հզորանում, քանզի հողը ուժ է տալիս: Ահա այդպիսին է Արցախը, բայց… – ՀՀ վարչապետը հայտարարում է, որ իր օրակարգում չկա հրաժարականի հարց։ Նրա մեկ ստորագրությամբ կորցրել ենք ամեն ինչ, բայց ոչ պայքարելու ոգի ու կամք։ Ի՞նչ ես կարծում, վարչապետի նման վարքագիծն ինչ շարունակություն կարող է ունենալ։ – Այդ քայլերը տանում են հայ ազգի պառակտմանը: Լեգենդար Մոնթեի խոսքերն էլ են այսօր արդիական. «Եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը»: Նաև, ասել է թե՝ կռվելու ենք մինչև վերջին հայը… Ես որպես մենապայքարային մարզաձևի ներկայացուցիչ՝ սովորել եմ պայքարել մինչև վերջ ու պարտվել միայն լրիվ կռված իրավիճակում, իսկ մենք ունենք մարդկային ռեզերվ: Իսկ պարտված ղեկավարը միանշանակ պետք է հրաժարական տա՝ և պատերազմում պարտվածը, և սպորտում: Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2020/11/26/1154603/?fbclid=IwAR0q3jcHdWRFdORE9UTQnTUT-6iQ8o-8zHYrgJm4_-9tsVrNtvsDXPhKDRs]սկբնաղբյուր[/url] կայքում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր