211652_close_icon
views-count18137 դիտում article-date 10:37 18-03-2022

Պուտինին պետք է Հայաստանի պարտված ղեկավարը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Հայաստանի իշխանությունը պետք է չեզոքություն պահպանի: (Օրինակ, ՄԱԿ-ում ձեռնպահ քվեարկելը ճիշտ էր): Մնացած բոլոր տարբերակները վտանգ են ներկայացնում մեր պետության համար: Կարելի է հուսալ, որ Ռուսաստանը չի ստիպի մեր իշխանություններին՝ գնալ անբարոյական քայլերի ու, ասենք, կրկնել իր քարոզչական հեքիաթները «նացիստների» մասին կամ արդարացնել ուկրաինական քաղաքների հրետակոծությունը:

Բացի իշխանությունից՝ մնացած քաղաքական ուժերը պարտավոր չեն չեզոք լինել, հակառակը՝ նրանք, իմ կարծիքով, պետք է ելնեն իրենց դավանած քաղաքական, մարդկային արժեքներից ու կողմնորոշեն իրենց համակիրներին: Եվ ահա այստեղ թե՛ խորհրդարանական ընդդիմության եւ թե՛ կուսակցությունների մեծամասնության պահվածքում ես տեսնում եմ ավելի շուտ «ռուսաստանյան թեքում»:

Ես չեմ տեսել, որ քիչ թե շատ խոշոր, ազդեցիկ կուսակցություններից մեկը որեւէ քննադատական բառ ասի Ռուսաստանի հասցեին: Բացատրությունները կարող են լինել երկուսից մեկը: Կա՛մ նրանց դուր է գալիս Ռուսաստանի քաղաքականությանը, եւ նրանք, մասնավորապես, ողջունում են «Հայոց արծիվների» նախաձեռնությունը՝ Դոնբաս ջոկատ ուղարկելու: Կամ էլ՝ նրանք հույս ունեն, որ Պուտինը Փաշինյանից ինչ-որ հարցում դժգոհ կմնա, ու այդ դեպքում իրենք կառաջարկեն իրենց ծառայությունները: Միանգամից ասեմ. որ դրանք սին հույսեր են. Պուտինին (ինչպես նաեւ Ալիեւին ու Էրդողանին) պետք է Հայաստանի պարտված ղեկավարը, եւ այդ պատճառով Փաշինյանն այսօր ունի Ռուսաստանի լիակատար աջակցությունը: Այդպես է լինելու առնվազն մինչեւ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելը:

Այսպիսով, հայաստանյան այն քաղաքական ուժերը, որոնք Ռուսաստանի օգնությամբ իշխանության գալու երազանք ունեն, նրանք ողջունում են այդ երկրի ներխուժումը հարեւան պետության տարածք, իսկ նրանք, ովքեր նման հույս չունեն, այդ քայլը դատապարտում են: Կրկնեմ, բացի այդ զուտ պրագմատիկ մոտիվացիայից քաղաքական կուսակցություններից սպասելի են նաեւ «արժեքային» մոտեցումներ. օրինակ, մարդ սպանելը լա՞վ է, թե՞ վատ:

Բայց դրանով ընդդիմության գործողությունների հանդեպ իմ տարակուսանքը չի ավարտվում: Պետք է հստակորեն ասվի՝ ընդդիմադիրները ընդհանրապես դե՞մ են Թուրքիայի հետ բանակցություններին, թե՞ կողմ են, ասենք, մեր  կողմից որոշակի նախապայմաններ առաջ քաշելուց հետո՝ օրինակ, Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո միայն հնարավոր են բանակցությունները: Գուցե այլ նախապայմաններ կան՝ ցանկալի է իմանալ: Ընդդիմությունը սկզբունքորե՞ն է դեմ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու գաղափարին, թե դեմ է ադրբեջանական կողմի հրապարակած նախապայմաններին: Հայաստանն այդ  դեպքում ի՞նչ պայմաններ պիտի ներկայացնի իր կողմից:

Միայն «թուրք» եւ «դավաճան» ասելը գուցե ոմանց սիրտը հովացնում է, բայց, մեղմ ասած, քաղաքական նոր իմաստներ չի ստեղծում»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր