211652_close_icon
views-count25009 դիտում article-date 10:54 25-11-2020

Շատ հնարավոր եմ համարում, որ ռուսները կրկին պայմանավորվեն թուրքերի հետ, և մեզ բուն Հայաստա­նից քշեն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ուզում եմ հակիրճ ամփոփել, թե ինչ մեղադրանք­ներ են ինձ առաջադրում կամ ինչ թեմայով են ինձ հետ վիճում իմ ֆեյսբուբյան ընկերները: 1/ Ես օբյեկտիվ չեմ ներկայացնում իրականությու­նը: Ներկայացնում եմ իրականության իմ ընկալումը, մենք կորցրել ենք Արցախի մեծ մասը, ունենք հազա­րավոր զոհեր, տասնյակ հազարավոր գաղթական­ներ, տնտեսական և հումանիտար կոլապս, և դրա գլխավոր պատասխանատուն ներկայիս վարչա­պետն է: Ո՞րն է այստեղ սուտ, սխալ կամ ոչ օբյեկ­տիվ պնդում: 2/ Ես ինչ-որ բան ունեմ անձնապես Նիկոլ Փաշինյանի դեմ: Ճիշտ հակառակը՝ գտնում եմ, որ նա տաղանդավոր լրագրող է, նույնքան տաղանդավոր հռետոր, որոշա­կի հեղինակություն ձեռք բերած քաղաքական գործիչ: Համաձայն չեմ, որ նա դավաճան է, կտրականապես դեմ եմ նրա հասցեին անձնական վիրավորանքներին: (Ի դեպ, դեմ եմ նաև Աննա Հակոբյանի մասին ան­պարկեշտ խոսակցություններին՝ նա ինձ համար մաս­նավոր անձ է, նաև՝ գործընկեր: Պատասխանատվու­թյան պետք է ենթարկվեն այն պաշտոնյաները, որոնք մասնավոր անձին «դոպուսկ» են տվել այնպի­սի տեղեր, որտեղ նա չպիտի լիներ): Նիկոլ Փաշինյանը պարզապես շատ վատ, ահավոր վատ, աղե­տալի վատ կառավարիչ է, նա չունի պետությունը ղե­կավարելու համար անհրաժեշտ որակներ: 3/ Կանխատեսումներս չափից դուրս հոռետեսա­կան են: Այստեղ, իհարկե, կարող եմ սխալվել՝ քաղաքա­գետները, հավանաբար, ավելի ճշգրիտ կանխատե­սումներ կանեն: Ես ուղղակի առաջնորդվում եմ պարզ տրամաբանությամբ, եթե լուցկին տվել են ոչ կոմպետենտ մարդու, որն անզգուշորեն այրել է տան կեսը, ապա, լուցկին նրա ձեռքը մնալու դեպքում, վաղ թե ուշ կայրվի ամբողջ տունը: 4/ «Крепитесь, Запад нам поможет»: Դա, իմ կարծիքով, պատրանք է: Ֆրանսիայի և Միացյալ նահանգների համար մեր խնդիրները 10-երորդական նշանակություն ունեն: Նրանք կարող են հանդես գալ «բարոյապես սատարող» հայտարարու­թյուններով (նաև Սենատի մակարդակով), ուղարկեն հումանիտար բրինձ-լոբի, բայց ոչ ավելին: Այս տա­րածաշրջանում շահեր ունի, անշուշտ, Ռուսաստանը: Բայց այս որակի, արտաքին քաղաքականության հարցերում այս աստիճանի «բոբիկ» ղեկավարության պարագայում շատ հնարավոր եմ համարում, որ ռուսները կրկին պայմանավորվեն թուրքերի հետ, և վերջիններս մեզ այստեղից, այսինքն՝ բուն Հայաստա­նի Հանրապետությունից քշեն: Այդ պարագայում կա­րելի է ակնկալել, որ Ֆրանսիան կամ Միացյալ Նա­հանգները մեզ նոր «նանսենյան անձնագրեր» կտան: 5/ «Բա որ Նիկոլը գնա, ո՞վ կգա»: Հարցի հասցեատերը ես չեմ, կա խորհրդարան, կան կուսակցություններ: Կա, ի վերջո, Սահմանադ­րություն, որն այդ հարցերը կարգավորում է: Որևէ մի քաղաքական ուժի նկատմամբ առանձնակի համակ­րանք կամ հակակրանք չունեմ։ Վերջում մի խնդրանք: Հարգելի ՊՈԱԿ եւ ֆան-ակումբի անդամներ: Ժամանակ մի՛ ծախսեք՝ ինձ վիրավորելու վրա: Այո, ես ինձ խորապես վիրավորված և նվաստացած եմ զգում, բայց ոչ թե ձեր հայհոյանքներից, այլ այն փորձանքից, որը ձեր կուռքը (կամ գործատուն) բերել է մեր ժողովրդի գլխին: Այդ աղետի համեմատ՝ բոլոր բառերը խամրում են»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի ահսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր