211652_close_icon
views-count2163 դիտում article-date 09:38 21-01-2015

Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Որքանո՞վ է ձեռնտու զոհ լինելը: Ինչպես գրում է Ֆրանսիայում ապրող բուլղարացի փիլիսոփա Ցվետան Տոդորովը՝ այդ դիրքը որոշ առավելություններ է տալիս: «Խումբը, որը ճանաչվել է որպես անցյալի անարդարությունների զոհ, ստանում է անսահմանափակ բարոյական վարկ: Որքան մեծ է անցյալում կատարված ոճիրը, այնքան անվիճելի են իրավունքներն այսօր՝ միայն «նեղություն կրած» խմբի անդամ լինելու միջոցով: Ինձ թվում է՝ հոգեբանական այդ մեխանիզմը գործում է նաև անհատական մակարդակով: Ոչ մի մարդու կյանք միայն հաճույքներից կամ վայելքներից կազմված չէ: Սակայն մարդկության մի մասն իր կյանքն ապրում է զոհի գիտակցությամբ։ Կան նաև նման հոգեբանություն ունեցող ազգեր: Մասնավորապես, 20-րդ դարի սկզբին մենք՝ հայերս, ցանկանում էինք աշխարհին ապացուցել, որ մենք զոհ ենք, և մեզ պետք է կարեկցել, խղճալ: Մենք նաև խնդրում էինք աշխարհին, որ նա Աբդուլ Համիդին դատապարտի և դրդի «բարենորոգումներ» անցկացնել: Թե ինչով է դա ավարտվել՝ բոլորին հայտնի է: Հաջորդ 100 տարին մենք աշխարհին փորձում ենք ապացուցել, որ մենք Ցեղասպանության զոհ ենք, մեզ պետք է դարձյալ խղճալ, որովհետև մենք արդար ենք, բայց դրանից մեր գործերը, մեղմ ասած, առաջ չեն գնում: Ընդ որում, մենք արդեն մեկընդմիշտ որոշել ենք, թե ում զոհն ենք, և վստահ ենք, որ «դարավոր ոսոխը» կարող է հայ երեխա մորթել, իսկ «դարավոր բարեկամը»՝ ոչ: Ինձ թվում է՝ մեր-ազգին պակասում է «օզվերինի» որոշակի չափաբաժին: Խոսքը, բնականաբար, ոչ ահաբեկչության, ոչ անկարգությունների, ոչ էլ հեղաշրջման մասին է: Հակառակը նման դրսևրումները թուլության վկայություն են: Խոսքը զոհի կարգավիճակից և դրանով պայմանավորված՝ ընդարմացած վիճակից դուրս գալու մասին է. որոշակի նպատակներ դնելու և դրանց շուրջը համախմբվելու մասին, ազգի ներսում իրար հարգելու, իրար հետ լեզու գտնելու մասին: Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն: Մեզ պետք է, որ մեզ հարգեն: Իսկ դա կախված է միմիայն մեզանից»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր