211652_close_icon
views-count121717 դիտում article-date 22:02 20-10-2020

Դու առաջնորդվում էիր հերոս Մոնթեի խոսքերով՝ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը», ու դու՝ հանուն քո սիրած հերոս Մոնթեի, հանուն քո որդի Մոնթեի՝ քո կյանքը զոհաբերեցիր հայրենիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հրազդանի բնակիչ Թաթուլ Հակոբյանի զոհվելու մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Հրազդանում, ինչպես որ կայծակնային արագությամբ տարածվել էր այն լուրը, երբ 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի օրերին նա կամավոր մեկնեց Արցախ: Մինչև պատերազմի վերջին օրը մնաց առաջնագծում՝ զինվորի կողքին, զինվորի հետ ուս-ուսի տված արժանի հակահարված տվեցին ազերի բաշիբոզուկներին: Եվ այդ պատերազմում իր սուրը փառքով պատյան դրած ետ եկավ: Շատերի նման չէր գնացել առաջնագիծ ինչ-որ ներկա ստանալու կամ սելֆի անելու նպատակով, այլ մեկնել էր Ստեփանակերտի N զորամաս, որտեղից էլ՝ առաջնագիծ: Երբ սեպտեմբերի 27-ին տեղեկացավ, որ կրկին թուրք-ադրբեջանական՝ հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հերթական անգամ ոտնձգություն են կատարել Արցախի սահմանների նկատմամբ, առանց վարանելու կրկին մեկնեց ռազմաճակատ ու շարունակեց իր զինակից ընկերների՝ առյուծ զինվորների հետ պայքարը նենգ ոսոխի դեմ: Թեժ մարտում մինչև վերջ կռիվ տվեց, հաղթեց իր բաժին կռիվը, բայց, ցավոք, կյանքի գնով: Ու հիմա մի լեգենդ, մի հերոս էլ ավելացավ երկնքում ու նա՝ հրազդանցի Թաթուլ Հակոբյանն է: Շատերը չգիտեն, որ հաճախակի էր Հրազդանից գալիս Երևան ու նրա շնորհիվ 2 տասնյակից ավել մարդիկ են փրկվել, երբ այդ մարդիկ ավտովթարի են ենթարկվել: Ահազանգում էր շտապօգնություն, փրկարար ծառայություն ու մինչ կժամանեին փրկարարներն ու բժիշկները, ինքն էր օգնության ձեռք մեկնում վիրավորներին, երբեմն ինքն էր տեղափոխում հիվանդանոց ու բժիշկները խոստովանում էին, որ նրա շնորհիվ են այդ վիրավորները փրկվել, քանի որ ճիշտ է կողմնորոշվել ու նրանց ցուցաբերել է առաջին բուժօգնությունն ու տեղափոխել հիվանդանոց: Փա՛ռք Քեզ, հրազդանցի հերոս: Փա՛ռք Քեզ, երիտասարդ տարիքում քո կյանքը հայրենիքին զոհաբերած լեգենդ: Դու առաջնորդվում էիր Հայաստանի ազգային հերոս Մոնթեի խոսքերով՝ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը» ու դու՝ հանուն քո սիրած հերոս Մոնթեի, հանուն քո որդի Մոնթեի, քո կյանքը զոհաբերեցիր հայրենիքին: [b] Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի օրերից, երբ Ստեփանակերտի N զորամասից Թաթուլ Հակոբյանը մեկնեց առաջնագիծ ու մինչև վերջին օրը, մինչև հաղթական ավարտը մնաց զինվորի հետ, զինվորի կողքին, խրամատում՝ իր բաժին կռիվը տալով թշնամուն:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր