211652_close_icon
views-count1237 դիտում article-date 21:26 04-05-2020

Գեղամավան և Հաղարծին համայնքների հողամասերը հարյուրապատիկ թանկ գներով ենթավարձակալության են հանձնվել կապի օպերատորներին. քրեական գործերով վնասները վերականգնվում են

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա հանրապետության մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականության հողամասերը ենթավարձակալության հանձնելու ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում է հանցագործության առերևույթ փաստերի հիման վրա քրեական գործերի հարուցման գործընթացը: Քրեական վարույթների շրջանակներում հիմնական շեշադրումը կատարվում է համայնքներին հասցված վնասների վերականգնման և վարձակալության ապօրինի պայմանագրերի լուծման վրա: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության Սևանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մարզի Գեղամավան համայնքի, ի դեմս համայնքի նախկին ղեկավար Մ.Վ.-ի, և Գեղարքունիքի նախկին մարզպետի վարորդի միջև 2010թ. սեպտեմբերի 3-ին կնքվել է 0,02 հա հողամասի վարձակալության պայմանագիր՝ տարեկան ընդամենը 3.000 ՀՀ դրամ վարձավճարով: Այնուհետև, 2010թ. սեպտեմբերի 24-ին վերջինս կապի հայաստանյան օպերատոր ընկերության հետ կնքել է ենթավարձակալության պայմանագիր՝ 280 անգամ ավելի՝ տարեկան 840.000 ՀՀ դրամ վարձավճարով: Այդ կերպ Գեղամավան համայնքի օրինական շահերին պատճառվել է շուրջ 8մլն ՀՀ դրամի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Փաստի առթիվ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Մեկ այլ դեպքում Տավուշի մարզի դատախազության նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հաղարծին համայնքի ղեկավար Ս. Պ.-ն, 2013թ. ստեղծելով մրցույթային հանձնաժողով և գլխավորելով այն, կազմակերպել և անցկացրել է համայնքային սեփականության հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Արդյունքում հաղթող ճանաչված միակ մասնակից անձի հետ 2013թ. հունիսի 27-ին կնքել է համայնքային սեփականություն հանդիսացող 0,2 հա մակերեսով հողամասը 20 տարի ժամկետով տարեկան ընդամենը 4400 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վերջինիս վարձակալության հանձնելու վերաբերյալ պայմանագիր: Այնուհետև, կարճ ժամանակ անց, տվյալ անձը արոտավայր հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այդ հողամասից 0.02 հա հատարծքը մոտ 218 անգամ ավելի՝ տարեկան 960.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է կապի օպերատոր ընկերություններից մեկին: Արդյունքում Հաղարծին համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է ընդհանուր առմամբ մուրջ 2մլն դրամի վնաս։ Տավուշի մարզի դատախազությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախնական քննությունների արդյունքում Գեղամավան համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 4 մլն ՀՀ դրամ, արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվել համայնքի համար ակնհայտ անբարենպաստ և ապօրինի կնքված հիշյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ: Իսկ Հաղարծին համայնքին պատճառված վնասից կամովին վերականգնվել է 1մլն դրամ գումար, ինչպես նաև եկկողմ համաձայնությամբ լուծվել են ապօրինի վարձակալության պայմանագրերը: Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում համայքներին պատճառված ամբողջ վնասը վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր