Մենք ունենալու ենք վարակի դեպքեր և չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի տարածման վերջին տվյալները, ըստ որի՝ Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2066-ի, մահացել է 2 քաղաքացի: Նա հայտնեց, որ ծայրահեղ ծանր 17 դեպք կա, ծանր՝ 59։
«Իրադարաձությունների զարգացման դեպքում կանցնենք թեթև սիմպտոմներ ունեցող քաղաքացիներին չհոսպիտալացնելու քաղաքականությանը և փորձելու ենք այդ օրը ձգել, քանի որ հետագա տարածմանն է բերել»,- ասաց նա:
Վարչապետը հարցրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, թե արդյոք սա փոխում է իրենց պլանները, իսկ Տիգրան Ավինյանն ասաց, որ դեռ չի փոխում, քանի որ շրջանակը կոնկրետ է:
«Դինամիկայից կախված՝ մեր որոշումները կարող են փոփոխվել, դեռևս կարծում եմ, որ նման փոփոխությունների կարիք չկա»,- ասաց նա և նշեց, որ մայիսի 4-ից տնտեսական գործունեության էական ոլորտներ պարտադիր կանոնների պահպանմամբ բացվելու են, կրթական համակարգը փակ է լինելու, էական սահմանափակումներ են գործելու մշակույթի, զվարճանքի ոլորտներում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտանիքով երեկ դուրս է եկել քայլելու և ահագին մարդ է նկատել: «Շատ դժվար է լինելու, մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում։ Եթե չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային կանոների մասին ոչ միայն իրազեկել, այլ քաջալերել և հասնել նրան, որ դրանք պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու»,-ասաց նա և նշեց, որ նկատել է, որ մարդիկ խմբերով կանգնած են:
«Երբ սահմանափակումը մտցնում էինք, բոլորի հույսն այն էր, որ մեկ-երկու ամսում վարակը կհաղթահարվի, բայց սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք նրա համար, որ ակնհայտ է, որ առնվազն մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը լինելու են դեպքեր, և չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել»,-ասաց նա: