1769 դիտում
23:35 31-12-2020
Մենք շարունակում ենք ապրել, արարել ու պայքարել. մենք ընկել ենք, սակայն չենք ծնկել. Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել ուղերձով.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անցնող տարին հայ ժողովրդի համար լի էր մեծ փորձություններով և մարտահրավերներով։ Այն նաև իմ ու շատ շատերի կյանքի ամենածանր տարին էր։
Սկզբում ամբողջ աշխարհը, այդ թվում Հայաստանը, համակած կորոնավիրուսի համավարակը, որը դեռ շարունակում է մոլեգնել, այնուհետև ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիան այն դժվարին փորձություններն էին, որոնցից դուրս եկանք մեծ կորուստներով։ Այո, 2020թ․-ին մենք ծանր գին վճարեցինք, իսկ կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքները վերացնելու համար դեռ զգալի ժամանակ ու ռեսուրսներ կպահանջվեն։
Բայց մենք շարունակում ենք ապրել, արարել ու պայքարել։ Մենք ընկել ենք, սակայն չենք ծնկել, ու ամեն ինչ պետք է անենք, բոլոր ջանքերը պետք է ներդնենք 2021 թվականին և հետագա տարիներին կրկին վեր բարձրանալու և էլ ավելի վեր հասնելու համար։ Մենք այժմ պարզապես իրավունք չունենք հանձնվելու․ պետք է բավարար ուժ գտնենք մեր ցավը հաղթահարելու համար և անհրաժեշտ դասերը քաղելով 2020-ից՝ շարժվենք առաջ։
Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ամբողջ հայ ժողովրդի միասնական, համերաշխ ու համախմբված աշխատանքին, ընդհանուր տեսլականին ու լուսավոր ապագայի նկատմամբ հավատին այլընտրանք չկա։
Ցանկանում եմ մեծ ու սրտանց շնորհակալություն հայտնել մեր զինվորներին, բժիշկներին, թիկունքի աշխատողներին, կամավոր աշխատանքներ կատարողներին, Սփյուռքի հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր անձնազոհաբար ջանք ու եռանդ չեն խնայել հանուն մեր ընդհանուր գործի։
Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առջև ու սրտումս պահում նրանց հիշատակը․ դուք ձեր կյանքը զոհաբերեցիք հանուն Հայրենիքի հարատևության և որպեսզի մյուսները կարողանան ապրել։ Ձեր նվիրումը երբեք չի մոռացվի ու ոչ ոք չի մոռանա։ Հավերժ պարտական ենք ձեզ։
Թող գալիք 2021 թվականը խաղաղություն, համերաշխություն և առողջություն բերի մեր ընտանիքներին։
Նմանատիպ նյութեր
17870 դիտում
15:43 20-01-2019
Քեզ բացակա չենք դնի, հերոս. Քո ու քո նմանների սխրանքը մեզ պարտավորեցնում է ապրել ու արարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
16136 դիտում
18:52 28-12-2018
Չնայած կյանքի դաժան փորձություններին՝ նրանք շարունակում են ապրել և արարել՝ ապագայի մեծ հեռանկարով. Ռոման Մուրադյան