211652_close_icon
views-count328 դիտում article-date 17:06 21-10-2026

Աբովյանում կառավարության աջակցությամբ, քաղաքապետ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ ճանապարհների հիմնանորոգումը շարունակվում է․ բնակիչներն ասում էին. «Նման ահռելի աշխատանք սովետի ժամանակ ենք տեսել, հիմա նաև բակերն են ասֆալտապատում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այս օրերին ՀՀ Կառավարության օժանդակությամբ, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, Աբովյան քաղաքում շարունակվում են ճանապարհների հիմնանորոգման ու ասֆալտապատման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, աշխատանքները սկսվել են Աբովյան քաղաքի թիվ 2-րդ դպրոցի և հարակից շենքերի բակային հատվածներում, մինչ այդ հիմնանորոգվել են դպրոց և բակեր տանող՝ հետիոտների համար նախատեսված ճանապարհները։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Նախ առաջինը շնորհակալություն ենք հայտնում Կառավարությանը, ում աջակցությամբ մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանն իր թիմով քաղաքն օր օրի շենացնում են։ Նման ասֆալտապատման աշխատանքներ մեր քաղաքում երևի եղել են սովետի ժամանակ՝ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի պաշտոնավարման տարիներին, դրանից հետո միայն տեսել ենք, որ ճանապարհներին կոսմետիկ փոսալցումներ անեն, էն էլ՝ մի անձրև կամ ձյուն, ու էդ փոսերը նորից հայտնվում էին։

Այն, որ վերջին տարիներին մեր քաղաքապետի շնորհիվ ասֆալտապատում է իրականացվում ոչ միայն քաղաքի գլխավոր փողոցներում, այլ նաև բակային հատվածներում, դա գալիս է ապացուցելու, որ մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանը նաև լուծում է ոչ միայն Աբովյանի գլխավոր փողոցների, այլև բակային հատվածների, խաղահրապարակների, դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման խնդիրը, որն անզեն աչքով էլ տեսանելի է։ Կույր պետք է լինես, որ չտեսնես այդ ահռելի աշխատանքը Աբովյանի շենացման գործում և ուղեղից էլ կախ, որ չգնահատես այն աշխատանքը, որը կատարվում է ՀՀ կառավարության և Աբովյանի քաղաքապետարանի սերտ համագործակցության արդյունքում։

Իմացել ենք նաև, որ այդ աշխատանքներին տեղում ծանոթանալու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու մեր քաղաքապետը առանց շոու անելու այցելել են Աբովյան, հետևել աշխատանքներին։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում կառավարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դ. Խուդաթյանին, Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանին, այս օրերին ամբողջ Աբովյանում ճանապարհաշինությամբ զբաղվող «Լեվ Վաս» ընկերությանը, ովքեր մեր քաղաքը փրկում են փոշուց ու ցեխից, քանի որ գիտեք՝ վատ ճանապարհները պատճառ են դառնում ամռանը փոշի շնչելու, անձրևին ու ձմռանն էլ ցեխաջրերով անհարմարություններ պատճառելու մեջ»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այն, որ վերջին տարիներին Աբովյան խոշորացված համայնքն օր օրի առաջընթաց է գրանցում քաղաքի զարգացման բարգավաճման, քաղաքում խաղահրապարակների, կանաչ գոտիների, մարզադաշտերի ավելացման ուղղությամբ, ակնհայտ է։ Եվ այդ ամենը ՀՀ կառավարության մեծ աջակցությամբ, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, նրա թիմի կարելի է ասել 24 ժամ ռեժիմով արդյունավետ աշխատանքի շնորհիվ է։

Հոկտեմբերի 18-ին Աբովյան քաղաքում մեծ թափով սկսվել էին կառավարության օժանդակությամբ և քաղաքապետ Է. Բաբայանի գլխավորությամբ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, և որ ամենակարևորն էր, ոչ միայն գլխավոր ճանապարհներին էին աշխատանքներ իրականացվում, այլ նաև բակային հատվածներում, որտեղ, ինչպես նշում էին աբովյանցիները, վերջին անգամ ասֆալտապատում, այն էլ՝ փոսային, տեղի էր ունեցել 25-30 տարի առաջ։

Աշխատանքներն իրականացվել էին Աբովյան քաղաքի մի քանի փողոցներում, այդ թվում՝ Ռոսիայի շուկային հարակից տարածքում, թիվ 4 և 5 դպրոցներ տանող ճանապարհահատվածներում, ու արդեն մի քանի կիլոմետր ճանապարհի աշխատանքներն ավարտին էին մոտեցել։ Եվ եթե եղանակային պայմանները չխանգարեին, անձրև չտեղար, աշխատանքներին դադար չէր տրվելու։ 

Փողոց առ փողոց ոչ միայն ասֆալտապատման, այլև հետիոտների համար հիմնանորոգվող մայթերի աշխատանքները անգամ շաբաթ և կիրակի օրերին չէին դադարում, ու քաղաքապետն էլ անձամբ էր հետևում, որ աշխատանքները, որոնք կատարվում էին «Լեվ Վաս» ընկերության կողմից, լինեին որակյալ։

Իսկ նշված ընկերության աշխատակիցը ֆոտոլրագրողի հետ զրույցում նշել էր, որ աշխատանքի որակի վրա կարող են կասկած չունենալ, քանի որ ամեն ինչ արվում էր բարձր որակով՝ ի շահ աբովյանցիների։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանն ասել էր. «Վերջին տարիներին կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերել նաև Աբովյան խոշորացված համայնքին ու վարչական բնակավայրերին, և հենց կառավարության աջակցությունն ենք զգում մեր մաշկի վրա։ Բոլոր աշխատանքները մեծ թափով իրականություն են դառնում, ինչից առաջին հերթին շահում է աբովյանցին, քանի որ տեսնում եք, անգամ շաբաթ-կիրակի օրերին աշխատանքները չեն դադարում»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր