211652_close_icon
views-count1063 դիտում article-date 20:02 09-04-2020

Ավագ Հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Ապաշխարողաց կարգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց վաղ առավոտյան կատարվող Ապաշխարողաց կարգին: Այնուհետև Միջօրեի ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագիչն էր Սուրբ Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը, ով նաև Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց Սուրբ Բարսեղ Կեսարացու`«Սուրբ Հաղորդության մասին» հայտնի ճառը: Նույն օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը: Այս առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ դուրս էր բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը։ Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը, ապա հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով ծնկի գալով, լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանի և Բարեշնորհ Արամայիս սարկավագ Սողբաթյանի ոտքերը: Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը սրբի մասունքով օրհնեց հայրենի երկիրը և աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին՝ հայցելով Հայոց Եկեղեցու մեծ աղոթողի բարեխոսությունը համավարակի այս ծանր իրավիճակի դիմագրավման համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր