211652_close_icon
views-count1966 դիտում article-date 09:52 04-04-2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Ճրագալույցի Սուրբ Պատարագին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 3-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Մայր Աթոռի բարերարներ։

Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, կարդացվեցին սուրբգրային տարբեր ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:

Սրբազան արարողության ընթացքում Արշակ Սրբազանն անդրադարձ կատարեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության խորհրդին` ի մասնավորի նշելով. «Քրիստոսի հարությունը վեմն է մեր հավատքի: Առանց Հարության հրաշքի չէր կարող իմաստ ստանալ Քրիստոսի զոհաբերությունը՝ Նրա չարչարանքները, Նրա խաչելությունն ու Նրա մահը: Մթագնած երկնքում բոցավառվող արևի պես է ճառագայթում «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը՝ բարի լուրը, որ դարեր շարունակ վերափոխում է մարդկության կյանքը:

Քրիստոսի անձնուրաց հետևորդ, հեթանոսաց առաքյալ Պողոսը, առանց երկիմաստության, բովանդակազուրկ է համարում քրիստոնեական հավատքը՝ առանց Հարության հրաշքի ճանաչման: «Եթե Քրիստոս հարություն չի առել, - ասում է նա,- ապա ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է նաև ձեր հավատքը» (Ա Կորնթ. ԺԵ 14)»: Խորապես հավատալով Քրիստոսի հարությանը և դրանով մեր փրկությանը՝ նա գոչում է. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55)»:

Ապա Սրբազան Հայրը, անդրադառնալով Հարության նկատմամբ թերահավատություն և մերժողական վերաբերմունք ցույց տվող մարդկային մտածումներին, տրամախոհական խոսույթի միջոցով ի դերև մատնեց դրանց գոյության հիմքերը՝ ընդգծելով. «Այո՛, քրիստոնյաներն աներկբա հավատում են, որ Քրիստոս հարություն է առել: Հավատում են, որ Քրիստոսի հարությունը ոչ միայն միստիկական, այլև  պատմական իրողություն է: Հավատում են, որ Քրիստոս, հարություն առնելով, մարդկանց ևս հարություն առնելու շնորհը պարգևեց. «Ես եմ հարությունը և կյանքը, - ասում է Նա, - եթե մեկը հավատա ինձ, անգամ եթե մեռնի՝ կապրի» (Հովհ. ԺԱ 25)»։

Իր խոսքում Արշակ Սրբազանը նաև անդրադարձ կատարեց վերջին տարում Հայոց աշխարհին պատուհասած պատերազմին՝ նշելով. «Այսօր հազարավոր նվիրական զոհերի գերեզմանների առջև, անվերականգնելի կորուստների ցավերով համակված, ինչպե՞ս ձայնակից լինենք Պողոս առաքյալին և ասենք. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը»:

Մեր երազանքները խորտակված են թվում, ապրածն՝ իմաստազրկված, հազարավոր ընտանիքներ՝ սրտաբեկված, անհուսությամբ մշուշված է ապագան և, կարծեք թե, կյանքը վերածվել է անԶատիկ մի պահեցողության: Ինչպե՞ս, ինչպե՞ս ճեղքել մշուշոտ խավարը։ Գիշերը ցերեկ է դառնում, բայց մեր գիշերվա վախճանը, թվում է, չկա: Մոռացե՞լ է մեզ արդյոք Աստված, թողել բախտի քմահաճույքի՞ն, թե՞ ժամանակ չունենք մենք Աստծո համար: «Արդ, - ասում է Պողոս առաքյալը, - հեռացրե՛ք ձեզանից հին մարդուն և նո՛ր մարդ դարձեք»: Փրկչի Հարությանը հավատացող «նոր մարդուն» խորթ են նյութապաշտությունն ու եսասիրությունը: Նա ժամանակը չափում է հավերժության կշիռքով, աղետն ու հիվանդությունը նրա համար փորձություն  են, իսկ ձախորդությունը՝ փորձառություն՝ նոր հաջողության ձգտելու համար:
Արդ, լինենք Հարության հանդեպ անշրջելի հավատքով զինված «նոր մարդ» ՝ երկինք ուղղված վճիտ հայացքով, ապագայի հանդեպ վստահությամբ և խավարի դեմ մաքառելու վճռականությամբ»:

Սրբազան  Հայրը, դիմելով ներկաներին, հորդորեց հարության ուրախությանը՝ ժամանակավորից մեկնել դեպի հավիտենականը, հարության հավատքով միավորվել, միանալ ու համերաշխվել՝ ձերբազատվել ամեն ատելությունից, թշնամանքից, անձնապաշտությունից:
Իր քարոզի ավարտին Արշակ Սրբազանը ևս մեկ անգամ աղոթք վերառաքեց Հարություն առած Փրկչին՝ հայցելով, որ Նա մխիթարության բյուր շնորհներով սփոփանք բերի մեր ժողովրդի զավակներին, ամոքի վշտացյալների վերքերը, հուսալքվածներին՝ հույս, տկարներին՝ ամրություն, հիվանդներին առողջություն շնորհի և առատաբաշխ Իր օրհնության ներքո խաղաղություն ու բարօրություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու մեր ժողովրդին։
    Հավարտ Պատարագի Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան իրենց հարկերից ներս տանել Հարուցյալ Աստվածորդու կենարար լույսը:

    Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը և ՀՀ նախագահը մեկտեղվեցին Վեհարանում, ուր, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, կատարվեց Սուրբ Հարության տնօրհնեք:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր