211652_close_icon
views-count2566 դիտում article-date 19:04 14-02-2019

Ս. Գայանե վանքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը մասնակցել է Պատարագի սրբազան արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 14-ին` 40-օրյա մեր Տեր Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Ս. Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Ս. Գայանե վանքի սպասավոր Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը: Ս. Պատարագի ընթացքում իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին: Իգնատիոս վարդապետը մասնավորաբար խոսեց Տիրոջ խոնարհության մասին, որին պետք է հետևող լինեն բոլոր հավատացյալները: «Խոնարհության գերօրինակ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, կատարեց իր իսկ հաստատած աստվածադիր բոլոր օրենքները՝ աստվածային արդարության իրագործման համար և ի լրումն ու կատարումն օրենքների, կամ ինչպես շարականագիրն է ասում. «Այսօր տաճար եկար կատարելու օրենքը՝ մարդկանց փրկության համար»: Իսկ մեզ ավանդեց և մատուցեց աստվածախոսային առաքինություն խոնարհությունը: Խոնարհություն, որ, վանելով ատելություն, ծնում է սեր, փոխան հակառակության, հուսահատության, թշնամության տարածում է ներդաշնակություն, հույս, ներողամտություն, երջանկություն, մերժում է խավարն ու ստվերը՝ սփռելով լույս ու ջերմություն: Խոնարհություն, որ խոնարհվեց աշակերտների ոտքերը լվանալու, խոնարհություն, որ խոնարհվեց մեղավոր մարդուն իր մահվամբ սրբագործելու և աստվածացնելու», - ասաց պատարագիչը` ընդգծելով նաև, որ Աստված ճշմարիտ լույս է, որ լուսավորում է մարդկանց կյանքը, ջերմացնում նրանց սիրտն ու հոգին, բյուրեղացնում և հրով ազնվացնում նրանց զգացմունքներն ու ձգտումները: Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ: Սրբազան Հայրը ևս Տեառնընդառաջի տոնի առիթով իր շնորհավորանքներն ու երջանկության մաղթանքներն ուղղեց երիտասարդներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր