211652_close_icon
views-count2634 դիտում article-date 10:02 12-04-2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Ս. Գայանե վանքում մասնակցել է Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 11-ին՝ Ավագ Շաբաթ օրը երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Գայանե վանքում մասնակցեց Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նախքան Ս. Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, կարդացվեցին սուրբգրային տարբեր ընթերցվածքներ, այնուհետև Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը: Պատարագին իր քարոզում Վազգեն Սրբազանը, շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի միաբանությանը և ողջ հայ ժողովրդին Աստվածորդու հրաշափառ Հարության տոնի առիթով, աղոթք բարձրացրեց առ Բարձրյալ Աստված, որ լուսավոր այս տոնն առատ բարիքներ պարգևի մեր ժողովրդին, երկրին ու Մայր Եկեղեցուն, համավարակի այս դժվարին պայմաններում մարդկանց մեջ զորացնի հավատքն ու հույսը, սերն ու կարեկցանքը։ «Մեր Փրկչի Հարության Ավետիսը Մայր Աթոռի վանքերի զանգերի ավետաբաշխ ղողանջներով թող տարածվի ընտանիքներից ներս, մխիթարի սգավորներին, բժշկի հիվանդներին, երջանկություն, սեր և խաղաղություն պարգևի ամենքին։ Թեև հանգամանքների բերումով շատերդ չկարողացաք եկեղեցու կանթեղից վառել Ճրագալույցի մոմերը, սակայն ընկրկելու կարիք չկա, տոնական սեղանի շուրջ հավաքված աղոթեցեք և վառեք տան սուրբ անկյունում պահվող մոմերը և թող այդ հոգևոր լույսն ու ջերմությունը, օրվա խորհրդավորությամբ պահի հոգևոր մթնոլորտը, ընտանեկան ջերմ ու տաքուկ միջավայրում։ Այս օրերին թող մեր տները դառնան մեր աղոթարանները, թող վառվեն հավատքի մոմեր ու խունկ ծխվի և սրտաբուխ աղոթքը երջանկություն, սեր ու խնդություն բերի տաճար դարձած ընտանիքից ներս։ Հարության ավետիսը թող հասնի մեր հայրենիքի սահմանները պահող հպարտ և քաջարի զինվորներին ու հրամանատարներին, որ եղբայրասիրությամբ ու միաբանությամբ ամրացնեն հայոց հզոր բանակը։ Նվիրական այս տոնը համբերություն, ուժ և կորով թող պարգևի կյանքեր փրկող, մարդկանց առողջացնող, հիվանդների նկատմամբ ծնողական խնամք դրսևորող մեր սիրելի բժիշկներին, ովքեր սահմանապահ հայոց մարտիկների նման թողած տուն ու երեխաներ՝ ապահովում են մեր ժողովրդի ապրելու իրավունքը։ Ցանկանում եմ ասել՝ ձեզ շատ ենք սիրում։ Աստվածորդու Հարության, մահին հաղթելու տոնը մեր ոստիկաններին, ուժային կառույցների ծառայողներին ամուր կամք ու վստահություն թող շնորհի, որ շարունակեն պահպանել մեր սիրելի Հայաստան աշխարհի անվտանգությունն ու ժողովրդի անդորրը։ Բնության վերազարթոնքն ավետող այս տոնը թող օրհնաբեր դարձնի հայոց սուրբ հողը, զորացնի հողագործին ու ռանչպարին, որ շարունակեն բերք ու բարիքով կերակրել աստվածասեր մեր ժողովրդին։ Հիսուսի հրաշափառ Հարության ջերմ ու լուսավոր տոնը Հայոց Եկեղեցու համար թող նոր հորիզոններ բացի, խնկաբույր մեր վանքերում ու եկեղեցիներում հնչող անդադրում աղոթքները խաղաղության, սիրո և երջանկության մեջ պահեն մեր սիրելի ժողովրդին ու հայրենիքը», - մաղթեց Վազգեն եպիսկոպոսը՝ հորդորելով ամենքին ժամասացության «Քրիստոս մեռելներից հարություն առավ, մահվամբ մահին հաղթեց և իր հարությամբ մեզ կյանք պարգևեց» ավետիսով շարունակել ապրել բարի և ստեղծարար գործերով, անդադար սիրել միմյանց և հոգատարությամբ և ողորմածությամբ շրջապատել հայրենի երկիրը: Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրանալով Սուրբ Խորան, Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը: Սրբազան արարողությունից հետո հոգևորականներն առաջնորդվեցին Վեհարան, ուր, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նաև Ս. Հարության առաջին Տնօրհնեքի արարողությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր