2041 դիտում
21:10 20-02-2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ս. Վարդանանց զորավարների տոնին նվիրված հանդիսություն:
Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի, հայաստանյան տարբեր կրթական հաստատությունների սաներ, «Վազգեն Սարգսյանի» անվան Ռազմական համալսարանի կուրսանտներ և այլ հրավիրյալներ։
Ցերեկույթը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և ճեմարանի օրհներգերը: Այնուհետև բացման խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ Արժանապատիվ Տ. Հովել քահանա Օհանյանը: Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Տեր Հայրն ի մասնավորի նշեց. «Դարերի ընթացքում, երբ վտագնված է եղել մեր ինքնությունը, պետականությունն ու մեր ժողովրդի հոգևոր անդորրը` մեր ժողովրդի հոգում վերարթնացել են Ս. Ղևոնդն իր խաչով ու Ս․ Վարդանն իր սրով, և իրենց անմար ու զորեղ ոգով հայ ժողովուրդն իրագործել է անհնարինը: Այսօր էլ մենք` որպես մերօրյա Ղևոնդներ ու Վարդաններ, պետք է զորավոր նրանց ոգով ի չիք դարձնենք չարի յուրաքանչյուր հրովարտակ, տեր կանգնենք մեր ինքնությանն ու հավատքին՝ թույլ չտալով հավատավոր մեր զավակներին գերի դառնալ կեղծիքին ու ստին, դրամին ու դիրքին:
…Վարդանանց պատերազմից անցել են դարեր, բայց նրանց անկոտրում ոգին միշտ էլ կենդանի է եղել մեր սրտերում, և յուրաքանչյուր հայ պարտավոր է իր հոգու մի գողտրիկ անկյունում խոնարհվել նրանց հիշատակի առաջ, քանի որ նրանց նահատակությամբ է, որ մեր ժողովուրդը հավատարիմ մնաց մեր Փրկչի երկնային վարդապետությանն ու հարատևեց դարեր»:
Տեր Հովելը նաև ներկաների անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության ուրախալի օրվա առիթով՝ հաստատելով, որ Նորին Սրբությունը, որպես սիրող, ներող ու խնամող հայր, որպես քաջ, իմաստուն և արիասիրտ Հովվապետ Ազգիս Հայոց` գիշեր ու զօր իր կյանքն է դնում հոգևոր կյանքի անդորրության, Հայոց Եկեղեցու և մեր սրբազան Հայրենիքի զորացման, պայծառացման ու ապահովության նվիրական գործին։
Հանդիսության մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց նաև Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր, պ. գ. թ. Արթուր Իսրայելյանը: Վերջինս ընդգծեց, որ Վարդանանց տոնը սերունդների դաստիարակության համար ներշնչման աղբյուր է եղել, որը հայրենիքի պաշտպանության ընթացքում մեկտեղել է զինվորականին, մտավորականին և հոգևորականին: Պրն․Իսրայելյանը նշեց նաև, որ տարբեր բուհերի ուսանողների մասնակցությունը Մայր Աթոռում կազմակերպված Ս․Վարդանանց հիշատակի հանդիսությանն իր բարերար ազդեցությունն է թողնում նրանց հոգևոր դաստիարակության գործում:
Ս. Վարդանանց սխրանքի մասին բանախոսություն կարդաց ԵՊՀ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի վարիչ, փ.գ.դ., պրոֆեսոր Սեյրան Զաքարյանը:
Միջոցառման ընթացքում Վարդանանց խորհրդին նվիրված հոգևոր ու հայրենասիրական երգերով ելույթ ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի, Երևանի պետական համալսարանի երգչախմբերը և ԵՊՀ Մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները։
Ցերեկույթի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամն ու օրհնությունը փոխանցեց ներկաներին: Նորին Սրբությունը, անդրադառնալով Ս․Վարդանանց հերոսական ոգուն ու նահատակությանը հանուն հայրենիքի և հավատի, մասնավորապես ասաց․ «Որքան դարեր ու ժամանակ անցնի, ազգիս զավակները Վարդանանց ոգով գոտեպնդված՝ պարտավոր են հիշել, որ թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից, որ քրիստոնեությունը հանդերձանք չէ, որը կարելի է փոխել, այլ մաշկի գույն ու էություն։ Վարդանանց պատերազմը մեզ համար լոկ պատմական իրադարձություն չէ, այլ ոգու վեհ ու տիրական հաղթություն, որը լուսավորել է մեր ժողովրդի փորձություններով լեցուն պատմության ուղին։ Նրանք հաղթեցին մահին վստահությամբ, որ ոչինչ հայ կյանքից չպիտի կարողանա դուրս մղել Աստծուն, և Քրիստոսով մեզ տրված Աստծո սեփական ժողովուրդ լինելու շնորհը պիտի զորացնի նոր հաղթանակների։
Այսօր նույնպես մեզ համար օրախնդիր է պաշտպանել մեր սրբազան հայրենիքի սահմանները, մեր հոգևոր արժեքների անաղարտությունը, մեր սուրբ հավատքն ու ավանդությունները, որոնց դեմ ծառանում են նորանոր մարտահրավերներ:
Մեր կյանքի հրամայականների ու դժվարությունների հանդիման մենք ունենք Վարդանանց օրինակը, նրանց խրախույսն ու ոգեշնչումը։ Վարդանանց հետ, նրանց անմահ խորհրդով գիտենք ով ենք և ուր ենք գնում։ Նրանց հետ պիտի գիտենանք նաև մեր արիությանը վատություն չխառնել և մեր պարտքի ու պատասխանատվության մեջ քաջ ու հաղթանակող լինել»։
Հայոց Հայրապետը փաստեց, որ Վարդանանց անմահ ոգու արիությամբ ու քաջությամբ է կերտվել Հայաստանի նորանկախ պետությունը, որի զոհասեղանին իրենց կյանքերը ընծայաբերեցին բազում հայորդիներ։ Նորին Սրբությունը գոհություն հայտնեց Աստծուն, որ վառ է պահում հայորդիների սրտերում Վարդանանց ոգին, որով պիտի զորացնեն իրենց հայրենիքը, ամրագրեն ու զարգացնեն պետական, ազգային կյանքի ձեռքբերումները։
«Վարդանանց հավատքի և ոգու արթնությամբ մեր որոշումները, մեր գործերը պիտի ուղղորդեն մեզ դեպի Աստծուց օրհնյալ ճանապարհներ՝ մեր կյանքին պարգևելով առաքինազարդ հոգու արգասիքներ՝ սեր, նվիրում, նախանձախնդրություն, արդարություն, միմյանց զորակցություն, միասնականություն և ամենայն բարին»,- պատգամեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հորդորելով նաև, որ քրիստոնեական արժեքների հանդեպ հավատարմությունը, տեսիլքների ու իղձերի նկատմամբ նվիրումը շեն ու պայծառ և զորացյալ կպահի Վարդանանց ավանդը՝ մեր սրբազան հայրենիքը և Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Վերջում Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և մշակութային մասն ապահովողներին՝ ճեմարականներին և համալսարանականներին՝ նրանց մաղթելով հոգու և մտքի պայծառություն, ջանադիր աշխատանք և արդյունավոր ուսումնառություն, որպեսզի իբրև Քրիստոսի քաջ զինվորներ՝ լուսավորեն ու առաջնորդեն հայ ժողովրդին, ծառայեն կրթության ու գիտության առաջընթացին, հայրենիքի պաշտպանությանն ու հզորությանը։
Հանդիսությունը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1515 դիտում
22:56 12-02-2015
Սրբոց Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
2025 դիտում
11:17 28-02-2014
Մայր Աթոռում տեղի է ունեցել Սրբոց Վարդանանց նվիրված հանդիսություն
Այս բաժնից
1510 դիտում
11:33 26-12-2024
Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (տեսանյութ)
946 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am