211652_close_icon
views-count4380 դիտում article-date 18:36 22-01-2020

Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվում է մինչև հուլիսի 1-ը՝ պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային չենք վերադառնալու. վարչապետ. Tert.am

Կառավարությունը կսուբսիդավորի. արդյոք մենք պե՞տք է անցնենք սպանդանոցային համակարգին, միանշանակ, որովհետև բացի առողջապահական խնդիրներից, սա երկրի ստանդարտի և վարկանիշի հարց է: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, թե ի՞նչ ճանապարհով է կառավարությունը պատրաստվում աջակցել, խթանել նոր սպանադոցների կառուցման գործընթացը, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/01/22/Pashinyan/3191180]Tert.am[/url]-ը: «Արդյոք մեր այն սիրելի հայրենակիցները, որոնք բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունե՞ն արդարացի փաստարկներ, այո՛ և այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ մենք այս պահի դրությամբ, ցավոք, սպանդանոցների բավարար խտություն և քանակ չունենք: Իսկ ինչու չունենք. որովհետև անընդհատ այս որոշումը հետաձգում ենք: Մարդիկ մտադրված են ներդրում կատարել, բայց վերջին մեկուկես տարվա ընթացքում այդ հետաձգումը երկու անգամ արել ենք»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ մարդը փող է դնում, մեկ էլ մտածում է՝ կարող է այս սպանդանոցը կառուցեմ, փող ծախսեմ, պարզվի կառավարությունը չեղյալ է համարել: «Մի կողմից ունենք իրավիճակ, երբ սիրելի հայրենակիցներն էդ ոլորտում ներդրումներ են արել, և երբ սիրելի հայրենակիցները որոշակի խնդիրներ ունեն այս իրավիճակի հետ»,- ասաց նա և տեղեկացրեց, թե ինչ լուծում է առաջարկում կառավարությունը: «Այսօր խորհդակցություն եմ արել և տվել եմ հանձնարարական, որով մինչև սույն թվականի փետրվարի վեցը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրավորման այնպիսի կարգավորումներ անելը, որ սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»,- ասաց նա: Բացի այդ, վարչապետն ասաց, որ կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ, և հասցեական կֆինանսավորի: «Կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք սփռվածության ու հասանելիության խնդիրը լուծելու են»,- ասաց նա: Վարչապետը նաև հավելեց, որ մինչև փետվարի վեցը պատրաստ են այլ առաջարկներ լսել, թե կառավարությունն էլ ինչ գործիքներով կարող է այս պրոցեսին աջակցել: «Որոշումներ կկայացնենք մինչև մարտի մեկը, մինչև հուլիսի մեկը կտանք ժամանակ, որ մեր հայրենակիցները իրար հետ միանան, այս գումարը վերցնեն, ներդրումը անեն, բայց հուլիսի երկուսից էլ այս թեմային չենք վերադառնալու ոչ մի պատճառաբանությամբ, որովհետև ՀՀ-ն պետք է առաջնորդվի ամենաբարձր ժանանակակից ստանդարտներով: Մենք չենք կարող ասել՝ եկեք, ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետև այդտեղ հարմար է կամ սովորել եք ապրել»,- շեշտեց նա: Նա ընդգծեց, որ եթե բողոքող քաղաքացիների համար այս առաջարկն ընդունելի է, իրենք պատրաստ են այս երեք գործողություններն անել: «Ուզում եմ գործարք կնքենք իրար հետ, եթե ընդունելի է, կգնանք այդ ճանապարհով, եթե ընդունելի չէ, ուրեմն այն կարգավորումը, որն այսօր կա, կշարունակի գործել: Այս ճանապարհին այլընտրանք չկա և ես հուսով եմ, որ մենք այս թեմային անդրադառնում ենք վերջին անգամ»,- եզրափակեց նա:

Նմանատիպ նյութեր