211652_close_icon
views-count2649 դիտում article-date 16:16 18-01-2020

Արցախի ՄԻՊ-ը Բաքվում հայերի ջարդերը համարում է ցեղասպանություն

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված և իրականացված հայերի ջարդերը ցեղասպանություն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բեգլարյանն ասաց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում: «Կարող ենք արձանագրել, որ Բաքվի հայերի ջարդերը ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Իմ և տարբեր փորձագետների հետազոտությունները և գնահատականը ցույց են տալիս, որ ադրբեջանահայության կոտորածներն ու բռնագաղթը համապատասխանում է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու պատժելու մասին» կոնվենցիայով ցեղասպանության հանցագործության սահմանմանը: Այդ պատճառով մենք հանգիստ կարող ենք ասել, որ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել»,- ասաց Բեգլարյանը: Արտակ Բեգլարյանը նշեց, որ միանշանակ է, որ Ադրբեջանի իշխանություններն են եղել ջարդերի կազմակերպիչը: «Բազմաթիվ ապացույցներ կան, որ հենց իշխանությունները աջակցել են կազմակերպիչներին՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատին, և՛ ակտիվ կազմակերպչական գործողություններով, և՛ իրավապահ ու առողջապահական համակարգերի անգործությամբ: ԽՍՀՄ իշխանություններն էլ իրենց պատասխանատվության բաժինն ունեն մի քանի օրվա անգործության կամ թողտվության պատճառով, այլապես Բաքվի ջարդերն այդ մասշտաբները չէին ունենա»,- նշեց նա: Երեսուն տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Տեղի ունեցած ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք: Ադրբեջանում հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988թ. դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների՝ 1988-1990թթ. այն հասնում է առնվազն 500-600-ի: Հայերի ջարդերը և նրանց դեմ բռնաճնշումները շարունակվել են նաև 1990 թ. հունվարից հետո՝ հանգեցնելով Ադրբեջանի հայաթափման: Չնայած Ադրբեջանի ժխտողական քաղաքականությանը, Բաքվում և ավելի վաղ՝ 1988թ. փետրվարի վերջին Սումգայիթում, ինչպես նաև Կիրովաբադում (Գյանջա) հայերի դեմ իրականացված ջարդերը և բռնությունները դատապարտել են մի շարք միջազգային կառույցներ, կազմակերպություններ: Հայերի նկատմամբ իրականացված ջարդերը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերում դատապարտել է Եվրոպական Խորհրդարանը: Փաստն արձանագրել և դրա հետևանքների մասին 2002թ. խոսել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Թերիքը: Ականատեսների վկայությունները, ինչպես նաև նշված բանաձևերը ցույց են տալիս, որ, մասնավորապես, Բաքվում և Սումգայիթում հայերի դեմ իրականացված գործողությունները կրել են կազմակերպված բնույթ, կամ առնվազն իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների թողտվությամբ:

Նմանատիպ նյութեր