3499 դիտում
23:17 28-02-2019
Սումգայիթի հայ բնակչության ջարդերը ցեղասպանություն են. Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության հայտարարությունը
Սումգայիթի հայ բնակչության 1988 թվականի փետրվարի 27-29-ը տեղի ունեցած կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով և համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ադրբեջանից հայ փախստականների Արցախի միության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշված է. «1988 թվականի փետրվարի 27-29-ը Արցախից մի քանի հարյուր կիլոմետր հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայկական բնակչության զանգվածային ջարդեր և սպանություններ։ Ադրբեջանական իշխանությունները, որոնք ամեն կերպ ձգտել են քողարկել հանցագործության չափերը, պաշտոնապես հայտարարել են, որ սումգայիթյան ջարդերի արդյունքում սպանվել է 26 հայ, մի քանի հարյուր հոգի վիրավորվել կամ հաշմանդամ են դարձել։ Սակայն ականատեսների վկայությամբ սպանվածների և տուժածների թիվը զգալիորեն գերազանցում էր ադրբեջանական իշխանությունների կողմից ներկայացված տվյալները։ Ինչպես հետագայում պարզվեց, սպանված հայերի դիակները տեղափոխում էին Բաքվի և այլ բնակավայրերի դիարաններ։
Ադրբեջանական իշխանությունները, խորհրդային ղեկավարության թողտվությամբ, փորձում էին թաքցնել ոչ միայն իրականացված հանցագործության չափերը, այլ նաև դրա իրական պատճառներն ու շարժառիթները։ Հենց այդ նպատակով էլ միասնական քննչական գործընթաց չանցկացվեց, գործը տրոհվեց 80 դրվագների։ Սումգայիթյան ջարդերի հետաքննության նկատմամբ նման մոտեցումը և ընդհանրապես քննության կազմակերպումը կանխավ բացառում էին տվյալ հանցագործության իրական կազմակերպիչների որոնումը, հայտնաբերումն ու պատասխանատվության ենթարկումը: Արդյունքում ջարդարարների մեծ մասը դատապարտվեց կարճ ժամկետներով ազատազրկման:
Փաստերը վկայում են, որ Սումգայիթի հայկական բնակչության կոտորածը կանխամտածված և ծրագրված հանցագործություն էր, որն իրականացվել էր քաղաքական, ազգային և կրոնական դրդապատճառներով և համապատասխանում է ցեղասպանություն հասկացությանը։ Մասնավորապես․
Սումգայիթ քաղաքի ղեկավարության ներկայացուցիչներն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել փետրվարի 26-27-ը տեղի ունեցած հակահայկական հանրահավաքներին, որոնց ժամանակ հնչում էին հայերին սպանելու կոչեր,
ջարդարարների զենքը՝ սրածայր մետաղյա ձողերը, նախօրոք պատրաստվել էին Սումգայիթի գործարաններում,
ջարդարարների մոտ կային հայերի բնակարանների հասցեների ցուցակները, որոնք կազմվել էին բնակշահագործման գրասենյակներում (ԲՇԿ),
քաղաքային և հանրապետական իրավապահ մարմինները չէին արձագանքում տեղի ունեցող զանգվածային անկարգություններին և հրապարակային բռնություններին:
Հայերի սումգայիթյան ջարդերը կանխորոշեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետագա ամբողջ ընթացքը։ Դրանք ակնառու կերպով ցուցադրեցին, որ ադրբեջանական իշխանությունները մտադրվել էին բռնությունը, սպանությունները և էթնիկ զտումներն օգտագործել որպես հակամարտության լուծման միջոց։
1988 թ․ փետրվարի 27-29-ը Սումգայիթում հայկական բնակչության դեմ իրականացված զանգվածային հանցագործության պատշաճ իրավական գնահատականի բացակայությունն ադրբեջանական իշխանությունների մոտ ամենաթողության թյուր զգացում ծնեց։ Ամիսներ անց Բաքվում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ հայտնվեցին սումգայիթյան մարդասպանների դիմանկարները՝ «Կեցցե՛ն Սումգայիթի հերոսները» կարգախոսներով։ Անպատժելիությունը հանգեցրեց նրան, որ հայկական բնակչության դեմ ահաբեկչությունը սկսեց համատարած բնույթ կրել Ադրբեջանի ամբողջ տարածքում։ 1988-1991 թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ով անցած հայկական ջարդերի ալիքի արդյունքում հարյուրավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ բռնի կերպով արտաքսվեցին, հարյուր հազարավորներ դարձան փախստական։
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդների՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու կոչերի ֆոնին արդիական է դառնում 1988-1991 թթ․ Ադրբեջանական ԽՍՀ-ում մարդկության դեմ իրականացված հանցագործությունների համար պատասխանատվության և դրանց իրավական գնահատականի հարցը։
Ակնհայտ է, որ մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիությունը, մարդասպանների փառավորումն ու հերոսացումը՝ սկսած սումգայիթյան ջարդարարներից և վերջացրած Ռամիլ Սաֆարովով, Դիլհամ Ալիևի և Շահբազ Գուլիևի Արցախում կատարած ծանր հանցագործություններն արդարացնելու փորձերը, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից 2016 թ․ ապրիլին ռազմական հանցագործություններ կատարած զինծառայողների պարգևատրումը չեն կարող հիմք ծառայել խաղաղություն կառուցելու համար»։
Նմանատիպ նյութեր
2646 դիտում
16:16 18-01-2020
Արցախի ՄԻՊ-ը Բաքվում հայերի ջարդերը համարում է ցեղասպանություն
18349 դիտում
11:42 27-02-2017
«Հայրս եկավ լաց լինելով․ Նա տեսել էր, թե ոնց են մարդկանց սպանում, գցում պատուհաններից»․ Սումգայիթի 3-օրյա ջարդերը
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար