211652_close_icon
views-count2986 դիտում article-date 19:35 05-01-2020

ԵՄ-ն Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու տարածաշրջանում իրավիճակի լարվածությունը թուլացնելու հարցը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Իրաքում իրավիճակի լարվածության թուլացման, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման հարցը։ Այս մասին ասվում է կիրակի ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարությունում, տեղեկացնում է tass․ru-ն։ «ԵՄ գերագույն հանձնակատարը Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցություններ է վարել Իրաքի իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով լարվածության և թեժացումը նվազեցնելու, ինչպես նաև ԳՀՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը, որը վճռական դեր է խաղում գլոբալ անվտանգության ապահովման գործում»,- ասվում է հայտարարությունում։ Ժոզեպ Բորելը Զարիֆին հրավիրել է Բրյուսել այս խնդրի շուրջ բանավեճը շարունակելու համար։ Նա հայտնել է ԵՄ պատրաստակամությունը՝ ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ միջնորդական ծառայություն լարվածության թուլացման համար։ Զարիֆի այցի հնարավոր ամսաթիվ առայժմ չի նշվում։ Բորելը նաև «խոր մտահոգություն է հայտնել Իրաքում բռնության սաստկացման և առճակատման խորացման առնչությամբ՝ ներառյալ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար), գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ավիահարվածի հետևանքով»։ «Նա Իրանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և մանրակրկիտ չափակցել իր պատասխան գործողությունները՝ խուսափելու համար հետագա թեժացումից, որը կվնասի ամբողջ տարածաշրջանին ու նրա բնակիչներին»,- նշվում է հայտարարությունում։ Եվրամիությունում զգուշանում են, որ հակամարտության սրումն Իրանի և ԱՄՆ-ի միջև կարող է հանգեցնել ԳՀՀԾ վերջնական փլուզման։

Նմանատիպ նյութեր