211652_close_icon
views-count3091 դիտում article-date 18:37 05-12-2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնների մեկնաբանությունները

«Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում դեկտեմբերի 3-4-ը տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած ըմբիշները լրագրողների հետ զրույցում պատմեցին տպավորությունների մասին: Սահակ Հովհաննիսյան (63 կգ). «Մեծահասակների Հայաստանի առաջնությունում պայքարը ավելի թեժ էր, քանի որ գոտեմարատերը ավելի բարդ ընթացք են ունենում, թեև նույն 6 րոպեն ու հիմնականում նույն մրցակիցներն են։ Իհարկե, գոտեմարտերս բարդ ստացվեցին, բայց, փառք Աստծո, հասա հաղթանակի»։ Սլավիկ Գալստյան (67 կգ). «Բարդ մրցակցություն էր։ Եզրափակչում հաղթանակի հասա վերջին վայրկյաններին, քանի որ մրցակիցս ուժեղ և տիտղոսակիր ըմբիշ էր՝ Կարեն Ասլանյանը։ Ինձ համար առաջին մրցաշարն էր նոր՝ 67 կգ քաշային կարգում: Լավ էի զգում ինձ, կփորձեմ ավելի լավացնել արդյունքներս այս քաշային կարգում»։ Մալխաս Ամոյան (72 կգ). «Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների Հայաստանի առաջնությանը, լավ էի պատրաստվել, հաղթանակս հեշտ չտրվեց, քանի որ մրցակիցներս ուժեղ էին։ Այս պահին չեմ մտածում քաշային կարգս փոխելու մասին։ Կաշխատեմ սխալներս շտկել, որ հաջորդ մրցաշարերում կարողանամ բոլորի սպասելիքները արդարացնել»։ Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը 10 քաշային կարգերում մասնակցեցին 82 ըմբիշներ: Հայաստանի չեմպիոն դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արման Բաղդասարյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Նմանատիպ նյութեր