3136 դիտում
11:18 03-12-2019
Դեղի դեպքում գովազդ չէ, սիգարետի դեպքում՝ գովազդ է․ Թորոսյանի իրարամերժ մեկնաբանությունը
Երկու տարբեր օրենսդրական նախագծեր, երկու իրարամերժ մեկնաբանություն նախարար Թորոսյանի կողմից։
Թե՛ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու, թե՛ հակածխախոտային օրենքի նոր նախագծի քննարկումների շրջանակներում դիտարկվեց դեղերի ու սիգարետի գովազդը։ Նախարարի կողմից սիգարետի տուփը խանութում ցուցադրելը որակվեց որպես ագրեսիվ առաջխաղացում և գովազդ այն դեպքում, երբ պետական պաշտոնյայի կողմից անընդհատ կոնկրետ դեղամիջոցի անվան շրջանառության մասին խոսելիս Թորոսյանը նշեց, որ «գովազդի մասին խոսք չկա»։
Նոյեմբերի 29-ին ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց հակածխախոտային օրենքի նոր նախագիծը։ Պատգամավոր Արկադի Խաչատրյանը սիգարետի ցուցադրման արգելքը Խաչատրյանը վիճարկեց երկու փաստարկով․ «Առևտրի սրահում երբ ցուցադրված է ցանկացած արտադրատեսակ, որքանո՞վ է տեսնելը ազդում մարդու՝ ծխել սկսելու որոշման վրա։ Կարծում ենք, որ համաչափ չի դրա ազդեցությունը ծխելու վրա ու բացասական այն հետևանքը, որ առաջանում է մանր բիզնեսի համար»։
Ի պատասխան՝ Թորոսյանը կարծիք հնչեցրեց, որ սիգարետի ցուցադրությունը նույնն է, ինչ գովազդը։
«Եթե ծխախոտային արդյունաբերությունը հետաքրքրված չլիներ ցուցադրության մեջ, այդ ուղղությամբ գումարներ չէր ծախսի։ Այլ բան, քան դա նույնացնել ծխախոտային արտադրատեսակների ագրեսիվ առաջխաղացման-գովազդի հետ, ես չեմ կարող։ Դուք ասում եք՝ եկեք չնույնացնենք ցուցադրությունը գովազդի հետ։ Եթե չնույնացնենք, ինչու՞ է ծխախոտային արդյունաբերությունը գումար ծախսում դրա վրա։ ․․․ Իրար մեջ մրցելն էլ է գովազդ։ Երկու արտադրող եթե իրար մեջ մրցում են, գովազդով են մրցում»։
Թորոսյանի խոսքով, սիգարետի ցուցադրությունը թույլ են տալիս այն պետությունները, որոնք «չեն անհանգստանում իրենց բնակչության առողջությամբ»։ Այդ պետությունների թվին նախարարը դասեց նաև մի քանի եվրոպական պետություն ու ԱՄՆ-ն։
Փաստորեն, սիգարետի ցուցադրությունը, ըստ նախարարի, գովազդ է։ Մեկ այլ՝ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ժամանակ Թորոսյանը գովազդի մասին հակառակ կարծիքն ունի։ Բանն այն է, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում դեղ արտադրող ընկերությունները կարող են կոռուպցիոն համաձայնության գալ պետական ոլորտի անբարեխիղճ աշխատակիցների հետ, ինչի արդյունքում դեղը մրցակցային առավելություն կստանա։ Կոռուպցիոն ռիսկերի մասին ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի շրջանակներում խոսեց «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
«12 հակասություն է բերվում, դուք ասում եք՝ այո, հակասությունը կա, բայց մենք դրա տակ ուրիշ բան ենք տեսնում։ ․․․ Ես տեսնում եմ ուղիղ կոռուպցիոն ռիսկեր։ ․․․ Ես լիագումար նիստին դեմ եմ քվեարկելու ձեր օրենքի նախագծին»։
Բացատրելով կոռուպցիոն ռիսկի բնույթը, Քրիստինե Պողոսյանը մանրամասնեց․
«Իբուպրոֆեն պարունակող մի քանի տասնյակ դեղորայք կա։ Երբ որ պետական մարմինները ասում են․ հարգելի քաղաքացիներ, մենք ձեզ տալիս ենք իբուպրոֆեն պարունակող կոնկրետ էս դեղը, հանրության մոտ առաջանում է վստահություն կոնկրետ արտադրողի ու դեղորայքի նկատմամբ, որովհետև պետական մարմիններն են գովազդում։ Նշանակում է՝ այդ դեղը որևէ ձև առավելություն ունի մյուս բոլոր 30 դեղորայքի նկատմամբ»։
Ի պատասխան, Թորոսյանը փորձեց առարկել՝ նշելով, որ գովազդի մասին օրենքում խոսք չի գնում․ սա ընդամենը պատգամավորի մեկնաբանությունն է․
«Հոդվածում, իհարկե, գովազդի մասին խոսք չկա, բայց դուք լավ մեկնաբանում եք որպես գովազդ»։
Քրիստինե Պողոսյանը չհանձնվեց․
«Երբ դուք կբացատրեք ԶԼՄների միջոցով իրազեկումն ինչով է տարբերվում գովազդից, ես կասեմ՝ լավ։ Եթե առավոտից երեկո Հ1-ը ասելու է դրա մասին, դա գովազդ է։ Եթե առավոտից երեկո մենք ազգային ժողովում խոսելու ենք որևէ թեմայի մասին, դա գովազդ է, ինչի մասին արդեն ասել էի»։
Ի վերջո, երբ օբյեկտիվ փաստարկները սպառվեցին, Արսեն Թորոսյանը նշեց, որ Պողոսյանի ակնարկը ոչ այլ ինչ է, քան «մեղադրանք կոռուպցիոն հոդված բրդելու մեջ»։
Ի վերջո Քրիստինե Պողոսյանը ստիպված եղավ հիշեցնել ամիսներ առաջ կոռուպցիոն պայմանավորվածության մեղադրանքով հեռացված առողջապահության փոխնախարարի մասին․
«Կարո՞ղ եք երաշխավորություն ներկայացնել ձեր բոլոր փոխնախարարների համար։ Որ որևէ մեկը կոռուպցիոն ռիսկի մեջ ներգրավված չի լինի։ Իսկ ես ձեզ ասեմ, որ մի քանի ամիս առաջ ձեր փոխնախարարը կոռուպցիոն ռիսկի մեջ արդեն մեղադրվել է»։
Նմանատիպ նյութեր
7537 դիտում
23:57 16-11-2019
Բրյուսելում սիգարետի նետած մնացորդի համար սահմանվել է 200 եվրո տուգանք
Այս բաժնից
649 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
727 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
766 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին