ԱՄՆ-ում տղամարդը սպանել է 3 անչափահաս երեխաներին և նրանց մորը, ապա ինքնասպան եղել. 1 երեխա վիրավոր է
ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում ողբերգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնել է Fox News հեռուստաալիքը, վաղ առավոտյան 911 ծառայությունը ահազանգ է ստացել, որ քաղաքի տներից մեկում վիճաբանության ձայներ են լսվել, իսկ հետո՝ կրակոցներ։
Նշված վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները մտել են տուն, որտեղ էլ հայտնաբերել են 29-ամյա կնոջ ու 31-ամյա տղամարդու, ինչպես նաև 3-ամյա երեխայի դիերը։ 5-ամյա և 9-ամյա երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։
Եվս մեկ երեխայի՝ 11-ամյա մի տղայի, վիրահատել են, նրա վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ տանը բնակվում էր կինը՝ իր 4 անչափահաս երեխաների հետ։ Թե ինչ կապ է ունեցել տղամարդը կնոջ ու երեխաների հետ, հայտնի չէ։ Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, հենց տղամարդն էլ սպանել է բոլորին և ինքնասպան եղել։