211652_close_icon
views-count1389 դիտում article-date 10:01 12-11-2019

ԱՄՆ-ը շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերջին շրջանում հանդիպումներ է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերից «Ազատ դեմոկրատներ»-ի, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, այցելել ՀՀ ԱԱԾ՝ ելույթ ունեցել սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվության արարողությանը: Կուսակցությունների տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հանդիպումները կայացել են դեսպանի նախաձեռնությամբ, քննարկումները եղել են ներհայաստանյան քաղաքական ու տնտեսական խնդիրների, ներդրումների, ինչպես նաև՝ արցախյան հարցի կարգավորման շուրջ: Դեսպանի հանդիպումներում առկա ուղերձների մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Մանվել Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ կառավարության կողմից ԱԱԾ սահմանապահ զորքերին սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվությունը, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիր-Կանչելյանի, Ջուդի Չունի և Ֆրանք Փալոնի այցելությունն Արցախի սահման նշանակում է, որ ԱՄՆ-ն ևս իր ջանքերն է ուղղում Հայաստանի սահմանների անվտանգության պահպանմանը: Տարածաշրջանային ռազմական զարգացումների համատեքստում այդ քայլերը, Մանվել Սարգսյանի դիտարկմամբ, հայկական սահմանների անվտանգության նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքական վերաբերմունքի դրսևորումն են: Դեսպանի խոսքը՝ «Տարեցտարի զարգացող մեր համագործակցությունը թույլ է տվել արձագանքել Հայաստանի և աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին», ըստ Սարգսյանի, նշանակում է, որ փաստորեն ԱՄՆ-ն ցուցաբերել է աջակցություն Հայաստանի սահմանների ամրակցման գործին Սիրիայի սահմանում ռազմական գործողություններ սկսելուց անմիջապես առաջ: «Իսկ դրանից հետո սկսվեցին Թուրքիայում պրոցեսներ, Սիրիայի սահմանում բախումներ: Կոնգրեսմենները գնացին Արցախ, ԱՄՆ-ն Արցախին հատկացրեց 4 մլն դոլարի սարքավորումներ սահմանի վերահսկման համար: Փաստորեն, հայկական երկու սահմանների համար էլ հատկացվել են սարքավորումներ: Բարձր մակարդակով ընդգծվել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի սահմանների անվտանգությամբ»,- նշեց քաղաքագետը: Անդրադառնալով քաղաքական հանդիպումներին՝ Սարգսյանը հիշեցրեց, որ «Ազատ դեմոկրատները» պրոարևմտյան ուժ են, և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ «անընդհատ էլ հանդիպում են», իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նախկին իշխանական կոալիցիայի ուժեր են: «Արևմտյան երկրներն անընդհատ են աշխատում, բոլորի հետ են աշխատում: Ուղղակի հիմա ընտրել են այն ուժերը, որ հեռացել են իշխանությունից. եթե հիմա ԲՀԿ-ն էլ հեռացած լիներ, գուցե նրանց հետ էլ կհանդիպեին»,- ասաց Սարգսյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր