211652_close_icon
views-count4189 դիտում article-date 13:47 12-09-2019

Կառավարությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի հարկ վճարողներին

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությանը, որն ուղղված է 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի պարտավորությունները հարկ վճարողներին վերադարձնելուն: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ ԱԱՀ-ի գծով կան դեբետային մնացորդներ կամ «գերավճարներ», որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում մատակարարներին վճարված ԱԱՀ-ի կամ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի և պարտավորության բացասական տարբերությունից: «Հիմա մենք ունենք հին ու նոր դեբետային գումարներ: Նոր դեբետային գումարները ետ են վերադարձվում եռամսյակային կտրվածքով, իսկ հին դեբետային գումարները ուղղվում են միայն առաջիկայում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մարմանը: Այս որոշումով մենք հին և նոր դեբետների միջև տարբերակումը վերացնում ենք: Մենք առաջարկում ենք եղած գերավճարները ետ վերադարձնել հետևյալ կարգով. մինչև 5 մլն պարտք ունեցողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնում են առանց հարկային մարմին դիմում ներկայացնելու. 5-40 մլն պարտք ունեցողներին վերադարձվում են պարզեցված ընթացակարգով, այսինքն՝ ներկայացվում է դիմում, և առանց ուսումնասիրության վերադարձվում են գումարները, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողներին պարտքը վերադարձվում է փաստաթղթային ստուգման և հիմնավորվածության արդյունքներով»,- ասաց Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ ԱԱՀ վճարող դեբետ ունեցողների թիվը մոտ 9 հազար է, որից 3 հազարը հին դեբետներ ունեցողներն են: Հին դեբետ ունեցողներին պետությունը պարտք է 56 մլրդ 443 մլն դրամ: 2 հազար 835 հարկ վճարողից մինչև 5 մլն պարտավորություն ունեցողների թիվը 2 190 է, իսկ նրանց հանդեպ եղած պարտքը կազմում է 1 մլրդ 680 հազար դրամ: 5-40 մլն դրամի պարտք ունեցողների թիվը 443 է, նրանց հանդեպ պարտքը կազմում է 6 մլրդ 856 մլն դրամ, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողների թիվը 202 է, նրանց հանդեպ պարտքը կազմում է 47 մլրդ 906 մլն դրամ: Ըստ Անանյանի, որոշումն ընդունելուց հետո, մինչև 5 մլն դրամի պարտք ունեցողները մեխանիկորեն ստանում են իրենց պարտքերը: Մինչև տարեվերջ պետությունը կվերադարձնի այդ 56 մլրդ դրամից 50-ը, մնացածի մասով դեռևս քննարկումներ կիրականացվեն: «Հիշեցնեմ, որ 2018 թ. հունվարի դրությամբ, մենք հարկ վճարողներին պարտք ենք եղել 275 մլրդ դրամ: Այսօր եթե այդ 50 մլրդ դրամի հարցը կարգավորում ենք, մենք ունենում ենք միայն 72-75 մլրդ դրամի ընթացիկ պարտավորություններ, որոնք ձևավորվում և մարվում են: Դա նվազել իջել է 50 միլիարդի: Մենք 2020 թվականին կարող ենք հայտարարել, որ 2 տարում 220 մլրդ դրամով նվազեցրել ենք մեր պարտքը տնտեսավարողներին, ինչը ուժեղ պետությանը հարիր բան է»,- նկատեց Դավիթ Անանյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դա կնշանակի, որ 220 մլրդ դրամով կառավարությունը ֆինանսավորելու է տնտեսությանը: «Իսկ այս 56 մլրդ դրամը, ըստ էության, որևէ մեկը հույս չուներ, թե կստանա: Այս հնարավորությունն առաջացել է նրանից, որ այս տարի բյուջեի եկամուտներն ավելացել են»,- շեշտեց Վարչապետը:

Նմանատիպ նյութեր