1959 դիտում
11:12 28-08-2019
Նախկինից մնացած ծանր խնդիրներին պետք է ոչ թե տրվեն իրավիճակային լուծումներ, այլ ստեղծվեն մեխանիզմներ, որոնք մոտակա տարիներին կօգնեն խուսափել նմանատիպ խնդիրներից. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Վերջին տարիներին մոդայիկ է դարձել «ինստիտուցիոնալ» բառը: Տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության մասին, այսինքն՝ ընդդիմության, որը ոչ միայն պայքարում է իշխանության համար, այլև ունի իշխանությունից արմատապես տարբերվող արժեքային համակարգ և իշխանության գալուց հետո ոչ թե կփորձի պարզապես դուր գալ ժողովրդի մեծամասնությանը, այլ երկիրը տանել սկզբունքորեն այլ ուղղությամբ:
Համենայնդեպս, ես այդպես եմ հասկանում այս պարագայում «ինստիտուցիոնալ» բառը: Արդյո՞ք իրադարձությունները զարգանում են հենց այդ ուղղությամբ՝ դրա մասին կարծիքները կարող են տարբեր լինել:
Հեղափոխությունից հետո խոսվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին: Դարձյալ, իմ ընկալմամբ, խոսքն այն մասին է, որ նախկինից մնացած ծանրագույն խնդիրներին պետք է ոչ թե տրվեն իրավիճակային լուծումներ, այլ ստեղծվեն մեխանիզմներ, որոնք մոտակա տարիներին կօգնեն խուսափել նմանատիպ խնդիրներից: Դա օբյեկտիվորեն դժվար է, երբ ամեն պահի ստիպված են «հրդեհներ հանգցնել» (հիմա` նաև այդ բառի ուղիղ իմաստով): Այսինքն` երբ բուհերի ռեկտորների աթոռների շուրջ գզվռտոց է գնում, դժվար է մտածել այն մասին, թե ինչպես փոխել բարձրագույն կրթության հայեցակարգը, որպեսզի այն դադարի լինել երիտասարդների համար 4 կամ 6 տարվա «ժամանցի շրջան» և պատրաստի գործատուներին անհրաժեշտ մասնագետներ: Երբ Երևանում աղբի սարեր են գոյանում, հնարավորություն չկա մտածելու, թե ինչպիսին պետք է լինի աղբահանության ժամանակակից համակարգը՝ սկսած կրթական ծրագրերից, վերջացրած աղբի վերամշակման գործարանով: («Հուսահատության Գազելների» մասին էլ չեմ խոսում՝ դրանք աստիճանաբար վերածվում են «ճակատագրական Գազելների»):
Երբ Ամուլսարի շուրջ պոպուլիստական կրքեր են բորբոքվում, ժամանակ չկա մտածելու հանքարդյունաբերություն ամբողջ «գաղափարախոսությունը» փոխելու՝ «հումքային» երկրից իսկապես արդյունաբերական երկիր դարձնելու մասին: Երբ գործադիր իշխանությունը մտածում է, թե ինչպես փոխել ՍԴ «ոչ յուրային» նախագահին «յուրայինով» կամ դժգոհում որոշ դատավորների՝ իր համար ոչ հաճելի որոշումներից, նա ժամանակ չունի լրջորեն մտածելու, թե ինչպես փոխել ամբողջ դատական համակարգը: Այսինքն՝ բոլոր դեպքերում լուծումները, լավ թե վատ, ճիշտ թե սխալ, ժամանակավոր են, այսրոպեական են, ինստիտուցիոնալ չեն:
Դա մի քիչ նման է այն դեպքերին, երբ մեզանից գրեթե յուրաքանչյուրն ասում է՝ «սպասեք, գլուխս խախանդվի, և այդ ժամանակ կսկսեմ առավոտյան մարզվել, առողջ սնունդ օգտագործել և լեզուներ սովորել»: Բայց «խախանդվելու» պահն այդպես էլ չի գալիս»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
10:52 18-01-2022
Պետք է ստեղծվեն օրենսդրական մեխանիզմներ հայրենական արտադրությունը պաշտպանելու համար․ «Հայաստանի Հանրպետություն»
1605 դիտում
10:15 17-04-2015
Մոտակա տարիներին մենք՝ հայաստանցիներս, ստիպված կլինենք ձգել մեր գոտիները. Առավոտ
Այս բաժնից
1468 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»