1206 դիտում
14:12 26-07-2019
ՀՀ-ում դատական ակտերով թույլ տրված մարդու իրավունքների խախտումները գիտակցաբար են իրականացվում. Երվանդ Վարոսյան
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հապճեպ չի ծնվել այս միտքն ու երկար ժամանակ ծանրութեթև անելու հետևանք է։
Արդյո՞ք պետք է Հայաստանի ներպետական ատյանների դատավորները ենթակա լինեն պատասխանատվության Եվրոպական դատարանի կողմից նրանց թույլ տրված սխալի ճանաչման հետևանքով։
Անշուշտ, այս հարցում հիմնական հակափաստարկն այն է, թե մեր դատավորներին սա կաշկանդելու է դատական ակտեր կայացնելիս, իսկ դատավորի համար բոլոր առումներով անկաշկանդ գործելը խիստ կարևոր է։
Տարիների դիտարկումը, սակայն, ինձ համոզել է, որ դատական ակտերով թույլ տրված մարդու իրավունքների խախտումները Հայաստանում իրենց գերակշիռ մեծամասնությամբ ոչ այնքան անկաշկանդ գործելու հետևանքով անխուսափելի տոկոսով թույլ տրված սխալի հետևանք են, որքան՝ գիտակցաբար իրականացվող քայլ։ Լինի դա ուղիղ հրահանգի հետևանք, գործադիրի (նաև դատախազության) շահը գերադասելու հետևանք, պարզապես դատավորի կողմից մեղադրական «թեքում» ունենալու, պարզ շահագրգռված լինելու, թե՝ վախի հետևանք, միևնույն է, դա հիմնականում գիտակցված ընտրության արդյունք է։
Նման պարագայում պատասխանատվության նախատեսումն այսօր ոչ այնքան անաչառ որոշում կայացնելու ճանապարհին կաշկանդող դեր կունենա, որքան կնպաստի հենց դատավորի անկախության բարձրացմանն ու ամեն դատական ակտին առավել պատասխանատու մոտենալու։ Աչքի առաջ ունենալով թե՛ կարգապահական, թե՛ որոշակի նյութական պատասխանատվության վտանգը՝ դատավորը պակաս ենթակա կլինի հրահանգին, գործադիրին (դատախազությանը), իր իսկ մեղադրական թեքումին, շահագրգռվածությանն ու ներքին վախին։
Ներկա պահին, եվրոպական դատարանի կողմից իրավունքի խախտման ամեն մի ճանաչմանը պետք է հետևի կարգապահական վարույթի հարուցումն ու քննությունը, որը պետք է հանգեցնի թե՛ կարգապահական պատասխանատվության, թե՛ որոշակի առումով նաև նյութական պատասխանատվության։
Այս քայլը կնպաստի, հատկապես, Հայաստանի վճռաբեկ ատյանի դատավորների զգոնության ավելացմանը, որոնց ձեռքի տակով անցնում են Եվրոպական դատարան ուղղվող գանգատներով բոլոր գործերը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
637 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար