211652_close_icon
views-count2461 դիտում article-date 08:56 14-03-2019

«Թավշյա հեղափոխությունը» դրական մեծ առաջընթաց էր․ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույց․ «Ամերիկայի ձայն»

Հայաստանում խաղաղ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած նոր ուժը հետաքննում և պատժում է նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեպքերը: Այս մասին նշված է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված «Մարդու իրավունքների պաշտպանությունը» զեկույցում: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4827917.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել խորհրդարանի կողմից մայիսի 8-ին՝ երկրով մեկ ապրիլին և մայիսին անցնող խաղաղ համազգային բողոքների ցույցերի արդյունքում, որոնք այնուհետև կոչվեցին «Թավշյա հեղափոխություն»: Նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ նախաձեռնեց՝ համակարգային կոռուպցիայի դեմ և երկրում դեկտեմբերի 9-ին անցկացվեցին առաջին իրական մրցակցային ընտրությունները», - նշված է Պետրարտուղարության զեկույցում: Զեկույցի հրապարակման կապակցությամբ արված իր հայտարարության մեջ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն նշեց, որ բոլոր նրանք, ովքեր ոտնահարում են մարդու արժանապատվությունը և խախտում մարդու իրավունքները, պատասխան են տալու. «Մատնանշելով հանցանքները և ճնշում գործադրելով այդ խախտումներն իրականացնող ռեժիմների վրա, մենք կարող ենք փոփոխության հասնել»: Անդրադառնալով 2018-ին աշխարհում գրանցված մարդու իրավունքների խախտման առավել ծանր դեպքերին, պետքարտուղարը մատնանշեց Չինաստանը, Նիկարագուան և Իրանը: «Իրանում նախորդ տարի ռեժիմն ապօրինաբար սպանել է 20-ից ավելի և ձերբակալել հազարավոր մարդկանց միայն այն բանի համար, որ վերջիններս բողոքում էին սեփական իրավունքների խախտման դեմ»: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա զեկույցի համաձայն 2018-ին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել էին լուրջ խնդիրներ՝ բռնություններ ազատազրկման վայրերում, ոստիկանական բռնություններ լրագրողների նկատմամբ, բռնություններ սեռական փոքրամասնությունների նկատմամբ, կոռուպցիայի դեպքեր: Սակայն «նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու և պատժելու ուղղությամբ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության և իրավապահ ամենաբարձր շրջանակներում», ընդգծում է զեկույցը: Մարդու իրավունքների խախտումներ են արձանագրվել նաև Վրաստանում, որի իշխանություններն ըստ զեկույցի քայլեր են ձեռնարկում մարդու իրավունքների դեմ որոշ հանցագործությունները հետաքննելու ուղղությամբ: Հարևան Ադրբեջանում իշխանությունները մարդու իրավունքների նկատմամբ լուրջ ապօրինություններ են իրականացրել, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ և երեխաների շահագործման ամենածանր դեպքեր: «Մարդու իրավունքների դեմ հանցանք գործած պաշտոնյաների մեծ մասը չի դատապարտվել: Անպատժելիությունը Ադրբեջանում լուրջ խնդիր է մնում», - ասված է Պետքարտուղարության զեկույցում Ադրբեջանի մասին: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ «անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակել են վերահսկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և դրա շուրջ գտնվող յոթ շրջանները»: Մարդու իրավունքների լուրջ խախտումներ են գրանցվել նաև հարևան Թուրքիայում, որտեղ տեղի են ունեցել անօրենք սպանություններ, քաղաքական դրդապատճառներով կատարված ձերբակալություններ և խոսքի և տեղեկատվության ազատության կտրուկ սահմանափակումներ: Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ ստեղծված ավտորիտար քաղաքական համակարգը նույնպես մարդու իրավունքների լուրջ խախտումներ է իրականացրել, այդ թվում արտադատական սպանություններ, ձերբակալություններ և խոսքի ազատության կտրուկ սահմանափակումներ:

Նմանատիպ նյութեր