3524 դիտում
14:48 12-06-2018
Թավշյա հեղափոխությունը շրջադարձային կետ էր Հայաստանի համար. Տարոն Աճեմօղլու․ «Ամերիկայի ձայն»
[url=https://www.amerikayidzayn.com/a/4433741.html]«Ամերիկայի ձայնը»[/url] հարցազրույց է վարել ամերիկացի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ
[b]- Սկսենք հիմնական հարցից՝ Հայաստանի «թավշյա հեղափոխության» կարևորությունը, Ձեր տեսակետից, ո՞րն էր:[/b]
- Կարծում եմ, այն շրջադարձային կետ էր Հայաստանի համար, քանի որ Հայաստանը չափազանց երկար է տառապել կոռումպացված, անարդյունավետ կառավարության պատճառով, որն արտացոլվում էր տնտեսական վիճակով և Հայաստանից արտագաղթի թվերով:
Ուստի, սա երկրի նոր սկզբի հիմնադրումն էր, որը կարելի է տոնել: Ընդհանրապես, արմատական բարեփոխումները իրականում բարդ գործընթաց է և նման արմատական բարեփոխումների կարիք ունեցող երկրները հանդիպում են երկու զգալի մեծ խոչընդոտի: Առաջինը՝ գործընթացի խաղաղ սկիզբն է, քանի որ առանց այդ խաղաղ սկզբի, ամբողջ գործընթացը շատ ավելի բարդ է դառնում՝ հասարակությունը բևեռացվում է, թշնամանք է ձևավորվում, բռնություն սկսվում: Նման պայմաններում որևէ կառուցողական արդյունքի հասնելը գրեթե անհնար է: Այդպիսին էր իրավիճակը «Արաբական գարնանը» հաջորդած ժամանակահատվածում:
Հայաստանին հաջողվեց ստեղծել խաղաղ, շատ խոստումնալից սկիզբ, և դա փայլուն հաղթանակ է: Երկրորդ քայլը կլինի, այդ խաղաղ սկզբի վրա հիմնվելով, շարունակել համակարգային բարեփոխումների գործընթացը և ստեղծել ապագա բարգավաճման, որակյալ կառավարման, խաղաղ գոյատևման հիմնասյուները: Այդ երկրորդ քայլը դեռևս երաշխավորված չէ, սակայն, մենք ստացել ենք սկզբնական հնարավորություն այն իրականացնելու համար:
[b]- Եթե դուք լինեիք նոր վարչապետի խորհրդականը, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան, ո՞ր քայլերն են անհրաժեշտ առաջին հերթին:[/b]
- Յուրաքանչյուր երկիր պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Սակայն, ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք արմատախիլ անել կոռուպցիան, եթե ցանկանում եք դնել տևական բարեփոխումների և աճի հիմքերը, պետք է այդ ամենն անեք խաղաղ ճանապարհով: Եթե նայեք առավել մեծ հաջողության հասած երկրների, կտեսնեք, որ նրանք միշտ կարողացել են այրել հակասություններն անցյալում և նոր սկիզբ դնելու ճանապարհներ գտնել: Անշուշտ, դա հեշտ չէ, անշուշտ գոյություն ունեն նախկին խնդիրներ, սակայն, կարծում եմ, առավել կարևոր է ընդհանրություններ գտնելը: Հայաստանի համար հատկապես խոստումնալիցն այն է, որ թե՛ երկրի ներսում և թե՛ սահմաններից դուրս առկա է իրական խանդավառություն, համոզմունք, որ սա է փոփոխությունների համար ճիշտ ժամանակը և, համոզմունք, որ փոփոխություններն անհրաժեշտ են:
Սակայն, մնում են բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում և՛ աշխարհաքաղաքական վտանգներ Ռուսաստանի, Ադրբեջանի կողմից: Մյուս վտանգն այն է, որ նման ոգեշնչող պահի կարելի է փորձել իրականացնել բոլոր փոփոխությունները միանգամից: Ասեմ, որ ինչքան շատ քայլեր փորձեք իրականացնել միաժամանակ, այնքան քիչ արդյունքի կհասնեք ապագա առաջընթացի հիմքեր ստեղծելու գործում:
[b]- Արդյոք դուք ձեզ տեսնո՞ւմ եք որեւէ պաշտոնական դերում որպես Հայաստանի իշխանությունների, կառավարության մաս:[/b]
- Կարծում եմ, պաշտոնական դիրքն այնքան էլ ճիշտ բան չէ: Կարծում եմ Հայաստանից դուրս բնակվողները կարող են աջակցություն ցուցաբերել, խորհուրդ տալ: Սակայն, համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիներն ինքնուրույն պետք է կառուցեն իրենց երկիրը: Ես իմ կողմից պատրաստ եմ ամեն տեսակի օգնություն տրամադրել, որովհետև, հավատացած եմ, սա իրական շրջադարձային կետ է Հայաստանի համար: Կարծում եմ, թարմ հայացքը Հայաստանի գործընթացների վրա կարող է օգտակար լինել, սակայն հենց Հայաստանի քաղաքացիները պետք է լինեն գործընթացի և գործողությունների կենտրոնում: Այնպես որ, ես իրոք հույս ունեմ, որ իմ օգնությունը օգտակար կլինի, սակայն ես նաև չեմ ակնկալում ավելի մեծ դեր ունենալ: Եվ այդ կարծիքս վերաբերում է ընդհանրապես Սփյուռքի դերին: Կարծում եմ, Սփյուռքն ունի շատ կարևոր դեր, սակայն, այն պետք է իրականացնի իր աջակցությունը երկու ուղղություններով՝ դրանք են բարոյական աջակցությունն ու ներդրումները: Երբեմն, սակայն, Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ փորձում են դրսից ուղղորդել գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է: Առաջնորդող դերը բոլոր գործընթացներում պետք է ստանձնեն միայն Հայաստանի քաղաքացիները:
[b]- Այսպիսով, Հայաստանը հանձնե՞ց առաջին քննությունը:[/b]
- Ճիշտ այդպես:
[b]- Ուստի, Հայաստանն ունի՞ իրական հնարավորություն միանալու առաջադեմ երկրների շարքին:[/b]
- Այո, որովհետև նախկինում այլ երկրների մոտ դա ստացվել է: Իսկ այն երկրները, որոնց դա չի հաջողվել, հիմնականում տապալվել են առաջին քննության ընթացքում՝ չկարողանալով խաղաղ իշխանափոխություն ապահովել: Հայաստանը հանձնել է առաջին քննությունն ուղղակի փայլուն կերպով և դա շատ կօգնի երկրորդի ժամանակ, քանի որ հասարակության շատ լայն շրջանակում կա համոզմունք փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ: Առկա է նաև փայլուն, կիրթ մարդկային կապիտալ և երիտասարդություն, որն ինքնուրույն փորձում է հնարավորություններ գտնել այդ ձեռքբերումները վերածելու դրական փոփոխությունների: Սակայն, չէի ցանկանա թերագնահատել ռիսկերը:
[b]- Ե՞րբ եք Հայաստան այցելելու:[/b]
- Ես պատիվ եմ ունեցել երկու անգամ խոսելու վարչապետի հետ և մենք այժմ քննարկում ենք, թե երբ է իմ այցի համար հարմար պահը: Սակայն, ես ցանկանում եմ առաջին հերթին հասկանալ, թե ինչ մարտահրավերներ ունի նոր կառավարությունը և ինչպես է ցանկանում հաղթահարել դրանք: Երբ ես դա լիարժեք հասկանամ, կնստեմ և կկատարեմ իմ «տնային աշխատանքը», կվերլուծեմ, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը և կկարողանամ իրական խորհուրդներ տալ, այլ ոչ միայն այցելել Հայաստան որպես զբոսաշրջիկ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1970 դիտում
09:50 03-07-2019
Թավշյա հեղափոխությունը նոր հնարավորություններ է ստեղծել Սփյուռքի հայերի համար․ «Ամերիկայի ձայն»
2773 դիտում
08:56 14-03-2019
«Թավշյա հեղափոխությունը» դրական մեծ առաջընթաց էր․ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույց․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին