211652_close_icon
views-count28665 դիտում article-date 16:41 03-02-2019

Այդ դիրքերի վրա հակառակորդի կողմից հազարավոր արկեր են տեղացել, բայց նրանք «ոչ մի հետ քայլ» սկզբունքով են առաջնորդվել

ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ Է Կարեն Շահենի Շաքարյանը ծնվել է 1971թ. Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը եւ ավարտել 1988թ.: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ՌԴ Լուգանսկի բարձրագույն ռազմական ավիացիայի ուսումնարանը: 1988թ. սկսվում է Արցախյան շարժումը: Նա 1990թ. վերադառնում է հայրենիք եւ անդամագրվում գյուղի կամավորական ջոկատում` որպես շարքային: 1992-ին անդամագրվում է «Արայիկ» ջոկատում` Վահրամ Ղահրամանյանի հրամանատարությամբ, որի կազմում էին բուհերի ուսանողներ եւ հատուկ պատրաստված գրոհայիններ: 1993թ. հոկտեմբերին վիրավորվել է Խորադիզի ազատագրման ժամանակ: Ապաքինվելուց հետո նորից մեկնել է կռվի դաշտ: Մասնակցել է ինքնապաշտպանական եւ ազատագրական գրեթե բոլոր մարտերին` Հադրութում, Մարտակերտում, Մարտունիում, Ջաբրաիլում եւ այլ վայրերում: Նա չորս անգամ վիրավորվել է եւ ապաքինվելուց հետո կրկին մեկնել ռազմի դաշտ: 1992-ին նշանակվել է ՀՄՄ/2-ի հրամանատար: 1994-ին նշանակվել է Մարտունու զորամասի 4-րդ գումարտակի սակրավորային դասակի հրամանատար: 1995-ին նշանակվել է 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, որն էլ 2 անգամ լավագույն է ճանաչվել: Նույն թվականին նշանակվել է 2-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ: 1996-ին նշանակվել է նույն գումարտակի հրամանատար: Նրա հրամանատարության օրոք գումարտակը բազմիցս ճանաչվել է որպես լավագույն գումարտակ ու պարգեւատրվել տարբեր շքանշաններով եւ մեդալներով: Արցախյան պատերազմից անմիջապես հետո նա արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: 1996-ին նույն զորամասում նշանակվել է 2-րդ գումարտակի հրամանատար, որը եւս իր հրամանատարությամբ ճանաչվել է լավագույն գումարտակ: 1999 թվականին նշանակվել է N զորամասի հրամանատարի տեղակալ: 2001-2003 թվականներին սովորել եւ ավարտել է ՌԴ Մոսկվայի համազորային ռազմական ակադեմիան: Ավարտելուց հետո նշանակվել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատարի տեղակալ: 2004թ. նշանակվել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատար: Իր հրամանատարության ժամանակ զորամասը ճանաչվել է լավագույն, նաեւ գլխավոր ռազմական տեսչության կողմից գնահատվել լավ: 2009-2012թթ. նշանակվել է Մարտունու N զորամասի հրամանատար: 2012- 2018թթ. նշանակվել է N միավորման հրամանատարի տեղակալ: 2018թ. հուլիսին նշանակվել է N միավորման հրամանատար: Ապրիլյան պատերազմից հետո պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Ծառայության ընթացքում պարգեւատրվել է նաեւ «Մարտական ծառայություն», ՀՀ «Արիության համար», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանների մեդալներով եւ մի շարք այլ պետական եւ գերատեսչական մեդալներով ու հուշանվերներով: Ամուսնացած է, ունի 4 երեխա: Հայոց բանակի 27-րդ տարեդարձի կապակցությամբ, Պաշտպանության բանակի եւ N միավորման ենթակայության տակ գտնվող զորամասերի ու բանակային այլ հարցերի մասին օրերս զրուցեցինք միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շահենի Շաքարյանի հետ: - Պարոն գնդապետ, շրջանի բանակային ստորաբաժանումները գտնվում են ձեր հրամանատարությամբ գործող միավորման կազմում: Միավորումը շատ կարեւոր խնդիր է կատարում` իրականացնելով հանրապետության մեծ հատվածի պաշտպանությունը, որը եղել եւ մնում է հակառակորդի ուշադրության կենտրոնում, որն ապացուցվել է նաեւ Արցախյան եւ Ապրիլյան պատերազմների ժամանակ: Դուք նաեւ Արցախյան պատերազմի մասնակից եք, իսկ այսօր միավորման հրամանատար: Ի՞նչ կասեիք այսօրվա բանակի մարտունակության մասին: - Այսօրվա բանակի մարտունակության աստիճանը շատ բարձր է: Բանակը համալրված է մասնագիտացված սպաներով, ովքեր բարձր պատասխանատվությամբ եւ պատրաստվածությամբ են կատարում իրենց առջեւ դրվածը: Եթե համեմատություններ անենք Արցախյան պատերազմի հետ, ապա կասեմ, որ այն անհամեմատելի է ե՛ւ մարտունակության, ե՛ւ սպառազինության, ե՛ւ ռազմական տեխնիկայի առումով: Տարիների ընթացքում բանակը կատարելագործվել եւ բավականին առաջընթաց է ապրել ու դեռ շարունակվում է այդ գործընթացը: Այս միավորումը միշտ էլ մարտունակ է եղել, իսկ մարտունակ լինելը մեր պարտքն ու հիմնական խնդիրն է: Մեր գլխավոր խնդիրը մեր երկրի սահմանի անվտանգության պահպանումն է: Համաձայն եմ նաեւ այն մտքի հետ, որ հակառակորդն իր մեծ ուժը կիրառում է այս ուղղությունում եւ փորձում առաջ շարժվել, որը նրան չի հաջողվում, եւ ասեմ, որ չի էլ հաջողվի, քանի որ մենք ունենք պատրաստված եւ մարտունակ անձնակազմ: Ինձ գոհացնում է զորամասերի երիտասարդ սպաների մասնագիտական պատրաստվածության աստիճանը: Ի պատիվ միավորման, բոլոր ստորաբաժանումները իրենց առաջադրանքները կատարել են բավարար եւ լավ: Եթե խոսում ենք մարտական պատրաստությունից, անպայման հիշում ենք 2016-ի Ապրիլյան պատերազմը, որը հենց ինքնին ապացուցեց, որ ունենք մարտունակ բանակ եւ պատրաստված զինվոր: Բայց դրանով չենք եզրափակվում, այսօր ամենամեծ ուշադրությունը դարձվում է մարտական պատրաստության վրա, առանձնապես տեխնիկայի դեմ պայքարի, բացի այդ, անձնակազմի հետ հոգեբանական պարապմունքներ են տարվում, որը նույնպես շատ կարեւոր է: - Պարոն գնդապետ, խոսենք Ապրիլյան պատերազմի մեր քաջ մարտիկներից: Ինչքան էլ խոսվում է այդ թեմայից, միեւնույն է, միշտ արդիական է, քանի որ այն, կարելի է ասել, աննախադեպ հայրենասիրության եւ համախմբվածության մեծ դպրոց էր: - Այո°, Ապրիլյան պատերազմից ինչքան էլ խոսելու լինենք, այն կարծես չի վերջանում, քանզի մեր զինվորները, սպաները այնպիսի սխրագործություններ են իրականացրել, որ դա անպատմելի ու աննկարագրելի է, որի առաջ ուղղակի պետք է գլուխ խոնարհել: Այդ պատերազմը սպա-զինվոր վստահության մեծ կրթարան էր: Խոսելով Ապրիլյան պատերազմից, ես կառանձնացնեի 116-րդ մարտական դիրքի վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին, ով ռազմական մեծ գործողություններ է կատարել ու հերոսաբար մարտնչելով հակառակորդի դեմ` զոհվել: Նա արժանի է հերոսի կոչման: Կառանձնացնեի նաեւ 170 մարտական դիրքի դասակի հրամանատարին, ընդհանրապես մի շարք մարտական դիրքերի անձնակազմի, ովքեր քաջաբար կռվել են: Այդ դիրքերի վրա հակառակորդի կողմից հազարավոր արկեր են տեղացել, բայց նրանք «ոչ մի հետ քայլ» սկզբունքով են առաջնորդվել: Փայլուն կերպով է մարտնչել միավորման տանկային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Լեւոն Պետրոսյանը, ով վնասազերծել է հակառակորդի դիվերսիոն խումբը, որի ժամանակ էլ վնասվածք է ստացել: Այդ պատճառով նրան հանել են մարտի դաշտից: Համոզված եմ, որ եթե Լեւոնը չվիրավորվեր հակառակորդի կորուստները կկրկնապատկվեին: - Այսօր ինչպիսի՞ն է մարտական դիրքերի վիճակը: Ինժեներական ի՞նչ աշխատանքներ են կատարվել: - Մարտական դիրքերում միշտ էլ աշխատանքներ տարվել են, սակայն Ապրիլյան պատերազմից հետո այն ավելի արագ տեմպերով է սկսվել կատարվել, ու այդպես շարունակվել են առաջնագծի ինժեներական ապահովման աշխատանքները: Ծավալուն աշխատանքներ տարվեցին մարտական հենակետերը հակադիվերսիոն առումով լրակահավորելու ուղղությամբ, տեղադրվեցին ազդանշանային համակարգեր եւ այլ սարքեր` հակառակորդի ոտնձգությունները բացառելու համար: Պետք է ասեմ, որ ինժեներական աշխատանքները դիրքերում բերվել են ամենաբարձր մակարդակի, ղեկավարման համակարգը եւս բարձր մակարդակի է: Իմ կողմից տարբեր ժամերի շատ հաճախ է ճշտվում ղեկավարման համակարգի պատրաստությունը: Կասեմ, որ եթե հակառակորդը փորձի հարձակողական որեւէ քայլ կատարել, մեր կողմից ոչ թե պաշտպանություն կլինի, այլ հակահարձակում: - Պարոն գնդապետ, իսկ նորակոչիկներն ինչպիսի՞ տրամադրությամբ են բանակում. չէ որ նրանք զինվորական ծառայության առաջին քայլերն են անում: Դուք կամ ձեր ենթակաները հաճա՞խ եք հանդիպում նրանց հետ: - Անշուշտ, մենք հանդիպումներ ենք ունենում նորակոչիկների հետ, չէ որ շատ կարեւոր է իմանալ թե ում ենք վստահում զենքն ու ռազմական տեխնիկան, ում հետ ենք մարտի դաշտ դուրս գալու: Ստեղծում ենք նաեւ զինվոր-հրամանատար մարդկային որոշակի ջերմ հարաբերություններ, որովհետեւ զինվորը պետք է անկեղծ լինի իր անմիջական հրամանատարի, այնուհետեւ զորամասի հրամանատարի եւ միավորման ղեկավար կազմի հետ: Իսկ ուսումնական մասից համալրում ենք ունենում տարբեր գումարտակներ, որոնց հետ եւս հանդիպումներ ենք կազմակերպում, առանձնազրույցներ ունենում: Ասեմ, որ նորակոչիկների հետ զրույցից զգում ենք, որ նրանք եկել են ծառայելու եւ իրենց պարտքը կատարելու: Կան նորակոչիկներ, ովքեր հարուստ գիտելիքներով են օժտված: Նման զինվորների զրույցից անգամ բավականին հաճույք ենք ստանում եւ ուրախանում, որ ունենք խելացի զինվորներ: Ընդհանուր առմամբ, նորակոչիկներն ունեն բարձր տրամադրություն, որը նշանակում է, որ նրանք տրամադրված են ծառայելու հնարավորինս լավ, իսկ մնացած աշխատանքներն արդեն կլրացվեն հրամանատարության կողմից՝ այսինքն ուսումնական գումարտակում՝ մարտական պատրաստության առումով: Մեզ մնում է նրանց հետ ճիշտ աշխատել, բոլորի նկատմամբ լինել արդար: Սպաները պետք է լավ վերաբերմունք ցուցաբերեն, որը նաեւ բարձրացնում է սպայի պատիվը: Իսկ զինվորներն ամեն ինչ տեսնում, քննարկում ու կարծիք են ձեւավորում տվյալ սպայի կամ զորամասի մասին: Նրանք չպետք է կորցնեն հավատը հրամանատարության նկատմամբ: Այս եւ նման այլ հարցեր միշտ մեր ուշադրության կենտրոնում են, եւ դրանք հենց այնպես չեն մնում, այլ իրագործվում են: Իսկ արդյունքում կունենանք օրինակելի եւ խիզախ զինվոր, որը հմուտ եւ բարձր մակարդակով կտիրապետի մարտավարությանը: Չէ որ վաղն իրենք են կանգնելու առաջնագծում, իրենք են պաշտպանելու Հայրենիքի սահմանները: - Պարոն գնդապետ, այսօր Ձեր որդին եւս զինվոր է, ու Ձեզ՝ նաեւ որպես ծնողի, կխնդրեինք խոսել զինվորների ծնողներին հուզող ու նաեւ նրանց հետ բարձրացվող եւ քննարկվող հարցերից՝ կարգապահության տեսանկյունից եւս: - Իհարկե, սա ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Կարգապահության հարցը գտնվում է մեր ամենօրյա, կարելի է ասել, ամենժամյա ուշադրության կենտրոնում: Նման խնդիրների առաջացման դեպքերում ծնողներ են այցելում զորամասեր, միավորում, հանդիպումներ ենք ունենում, քննարկումներ ենք անցկացնում ու արդյունքում գալով ընդհանուր հայտարարի՝ լուծում հարցը: Նշեմ, որ նախորդ տարում կարգապահությունը եղել է պատշաճ մակարդակի վրա, որը եւս հաջողություն է միավորման համար: Զինվորների ծնողները լավ են հասկանում, միաժամանակ հպարտանում, որ իրենց որդիները ծառայում են Հայրենիքին: Նրանց հուզում է միայն մեկ հարց, այն է, որ լինի խաղաղություն եւ իրենց որդիները պատվով կատարեն ծառայությունն ու վերադառնան իրենց տները: - Պարոն Շաքարյան, օրերս ամփոփվել է ձեր հրամանատարությամբ գործող միավորման եւ ենթակա զորամասերի 2018 թվականի արդյունքները, որին ներկա է եղել ԱՀ պաշտպանության նախարարը: Ինչպիսի՞ արդյունքներ են գրանցվել: - Այո, ասեմ որ, պաշտպանության նախարարի մասնակցությամբ ամփոփվել են նախորդ տարվա արդյունքները: Բոլոր զորամասերն էլ իրականացրել են մարտական պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումները: Զորամասերը անց են կացրել դաշտային մարզումներ, մարտական հրաձգությամբ զորավարժություններ եւ այլն, ընդհանուր առմամբ, եղել են թերություններ, որոնց հանդերձ ունեցել ենք նաեւ բարձր արդյունքներ: Ամփոփելով արդյունքները, միավորման ենթակայության տակ գտնվող զորամասերից լավագույն է ճանաչվել գնդապետ Արմեն Գյոզալյանի հրամանատարությամբ գործող զորամասը: Բարձր արդյունք է ցուցաբերել եւ լավ ճանաչվել նաեւ գնդապետ Նիկոլայ Մխիթարյանի հրամանատարությամբ գործող զորամասը: Գոհ եմ զորամասերից, հրամանատարների մասնագիտական պատրաստությունից, եւ ընդհանուր կերպով լավ եմ գնահատում միավորման մարտունակության աստիճանը: - Ձեր խոսքը, խնդրեմ, ի՞նչ կուզենայիք ասել... - Անշուշտ, ունեմ իմ խոսքը. այսօր մենք առաջին կենացը բարձրացնում ենք եւ խմում խաղաղության համար, իսկ խաղաղություն եւ անվտանգություն պահպանողը դա զինվորն է, երկրի անվտանգության հիմնական երաշխավորը` Զինված ուժերը: Իսկ առանց մարտական բարձր պատրաստության խաղաղություն չի պարտադրվում, ուստի պետք է ունենանք հզոր եւ մարտունակ բանակ, իսկ ես` որպես միավորման հրամանատար, համոզված եմ, որ մեր բանակը մարտունակության առումով շատ բարձր մակարդակի վրա է: Ասեմ ավելին, վստահ եմ, որ հակառակորդը փորձի որեւէ շարժ կատարել կամ որեւէ խնդիր իրականացնել, մեր Զինված ուժերը միմիայն հաղթողի դերում է լինելու: Օգտվելով առիթից, շնորհավորում եմ իմ ծառայակիցներին` Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ, շնորհավորում եմ նաեւ բոլոր զինվորներին, թող լինի խաղաղություն եւ մեր զինվորները պատվով կատարեն իրենց ծառայությունն ու ողջ-առողջ տուն վերադառնան, ինչը ամենից շատ ուզում ենք նաեւ մենք` հրամանատարներս: Հայրենիքը միշտ էլ թանկ է բոլորիս համար, իսկ մենք ծառայում ենք մերª այսքան թանկ Հայրենիքին: - Շնորհակալություն, պարոն գնդապետ, հետաքրքիր զրույցի համար: Շնորհավորում ենք Ձեզ՝ Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ, մաղթում բարի եւ անփորձանք ծառայություն, միաժամանակ հաջողություն` Հայրենիքի պաշտպանության այդ սուրբ ու վեհ գործում: Շնորհավորում ենք նաեւ Ձեր հրամանատարությամբ գործող միավորման ենթակայության տակ գտնվող բոլոր զինծառայողների տոնը` զինվորից մինչեւ սպա, նրանց մաղթում խաղաղ եւ անվտանգ ծառայություն: Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ «Ջրաբերդ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր

Նմանատիպ նյութեր