Հակառակորդը Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ հայկական դիրքերի վրա արկեր է արձակել. հայկական կողմը կորուստներ չի կրել. Արցախի ՊԲ
Հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսևորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև ականանետեր, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես` Մարտակերտի և Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
Արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել:
Երեկոյան և գիշերվա ընթացքում իրադրությունը հանգիստ է եղել:
ՊԲ հերթապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են աչալրջորեն վերահսկել իրավիճակը և ըստ մարտական կարգադրության կատարել իրենց առջև դրված խնդիրը: