Գյումրիում բարձրորակ ջինսե հագուստ արտադրող ընկերությանը արտոնություն տրամադրվեց
Կառավարությունն այսօրվա նիստում 3 տարով հետաձգեց «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռ. Զաքարյան» ՍՊ ընկերությունը նախատեսում է Գյումրի քաղաքում զբաղվել բարձրորակ ջինսե հագուստի արտադրությամբ։
«Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 1,42 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու համար»,- նշված է որոշման նախագծում:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 58 նոր աշխատատեղ` 105 հազար դրամ միջին աշխատավարձով: