211652_close_icon
views-count2115 դիտում article-date 19:16 23-01-2019

Հայաստանում լրատվությունն այսօր ավելի ազատ է, քան երբևէ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխատանքային այցով Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն անդրադարձել է Հայաստանում ԶԼՄ-ների գործունեությանն ու մամուլի ազատությանը: «Գիտեք՝ ես իրականում լրագրող եմ, թերթի գլխավոր խմբագիր և նախկին քաղբանտարկյալ։ Բայց այժմ կարող եմ ասել, որ Հայաստանում լրատվությունն այսօր ավելի ազատ է, քան երբևէ։ Այդուհանդերձ, ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ, որովհետև կարծում են, որ չափազանցություն է այն միտքը, որ Հայաստանում լրատվությունը լիովին ազատ է, սակայն ես կարող եմ պնդել դա։ Եվ գիտեք՝ կարծում եմ նորմալ է, որ լրատվության և կառավարության կապը պետք է որոշակիորեն լարված լինի, որովհետև տեսնում ենք, որ այժմ ամբողջ աշխարհում ցածր վստահություն կա կառավարության կարողությունների հանդեպ, և դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ այժմ հասարակության բոլոր անդամներն ավելի շատ բան գիտեն բարձրաստիճան պաշտոնյաների մասին, քան նախկինում։Որովհետև ամեն մանրուք կարող է ազդել մարդկանց հավատքի վրա՝ քաղաքական գործիչների, նախարարների հանդեպ և այլն, և այլն»,- նշել է նա: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ միայն կառավարությունների լիակատար թափանցիկությունը կբարձրացնի կառավարության նկատմամբ վստահության մակարդակը: Նույն քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Շարմա Օլին, The Financial Times ամսագրի խմբագրի տեղակալ և գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վոլֆը, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր