211652_close_icon
views-count7564 դիտում article-date 22:29 15-06-2018

Ֆրանսիան այսօր առավել քան երբևէ Հայաստանի կողքին է. Նիկոլ Փաշինյանն ընդունել է դեսպան Լաքոտին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ երկու երկրների կառավարությունների խնդիրն է ոչ միայն ամրապնդել, այլ նաև նորովի զարգացնել դրանք: «Վստահ եմ, որ այդ ցանկությունը երկուստեք է: Մեծ ակնկալիքներով սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին ու պատասխանատվությամբ նախապատրաստվում աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Դեսպանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները թույլ են տալիս նորովի վերաբերվել հայ-ֆրանսիական հարաբերություններին: «Ֆրանսիայյում մեծ ուշադրությամբ էին հետևում Հայաստանի իրադարձություններին և այժմ շատերի մոտ կա ցանկություն գալ այստեղ: Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակի զարգանալ, քանի որ Ձեր նախաձեռնած հեղափոխության արժեքները համապատասխանում են այն արժեքներին, որոնք որդեգրում է կազմակերպությունը»,- ասել է դեսպանը: Ժոնաթան Լաքոտն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամ է ընդառաջ գնալ Հայաստանին ու նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ էապես կարևորելով տնտեսական փոխգործակցության զարգացումն ու խորացումը: Դեսպանը շեշտել է, որ Ֆրանսիան այսօր առավել քան երբևէ Հայաստանի կողքին է՝ ՀՀ նոր կառավարության նախաձեռնած բարեփոխումներին աջակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր