211652_close_icon
views-count1413 դիտում article-date 21:58 03-12-2018

Մեկնարկել է Հայ-Ռուսական համալսարանի 13-րդ ամենամյա գիտաժողովը

Հայ-Ռուսական համալսարանում դեկտեմբերի 3-ին մեկնարկել է ՀՌՀ-ի 13-րդ ամենամյա գիտաժողովը, որի ընթացքում ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական և հումանիտար գիտական ուղղություններով ներկայացվելու է ավելի քան 335 զեկույց: Գիտաժողովին ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և ՀՀ ու Արցախի ԲՈւՀ-երի ներկայացուցիչներ: ՀՌՀ-ի 13-րդ գիտաժողովի բացումից առաջ մեկ րոպե լռությամբ ներկաները հարգել են նոյեմբերի 27-ին հանկարծամահ եղած Հայ-Ռուսական համալսարանի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Կարապետյանի հիշատակը: Բացման խոսքում Հայ-Ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը նշել է, որ որ համալսարանում այս տարի տեղի են ունեցել բազմաթիվ հետաքրքիր գիտական միջոցառումներ: «Այս տարի մենք արձանագրել ենք կրկնակի աճ «Web of science» և «Scopus» շտեմարաններում ընդգրկված գիտական հանդեսներում տպագրված հոդվածների քանակով: Եթե նախորդ տարիներին հոդվածների քանակը կազմում էր մոտ 55-60 հատ, ապա այս տարի՝ մոտ 100-120 հոդված», - շեշտել է նա: Իր հերթին Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն ընդգծել է, որ խորհրդային ժամանակաշրջանից Հայաստանում կուտակվել է գիտական հզոր պոտենցիալ, և մեկ շնչին բաժին ընկնող գիտական արտադրանքով Հայաստանն առաջատարների թվում է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում: «Այն շեշտադրումը, որ մենք դնում ենք գիտության զարգացման նկատմամբ, կարծում եմ՝ էապես տարբերում է մեզ երկրում գործող համալսարաններից: Ես միշտ համարել եմ, որ համալսարան գոյություն չունի, եթե համալսարանում չկա գիտություն: Մեր համալսարանն առաջամարտիկներից մեկն է նաև գիտահետազոտական և ակադեմիական համակարգում գտնվող ինստիտուտների հետ համագործակցության առումով. լավագույն գիտական արտադրանք տվող մի շարք ինստիտուտներում մենք ունենք բազային ամբիոններ», - շեշտել է նա: Նշենք, որ գիտաժողովի բացմանը զեկույցներով հանդես են եկել ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը («Հայաստանը և հայերը. գիտակցության վերափոխում և փոխազդեցության մոդելներ» թեմայով) և ՀՌՀ-ի Կենսաքիմիայի, բիոինֆորմատիկայի և մոլեկուլյար կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը («Էթնոգենեզի գենետիկական վերակառուցումը և պալեոէկոլոգիա» թեմայով): Հայ-Ռուսական համալսարանի 13-րդ ամենամյա գիտաժողովն ավարտվելու է դեկտեմբերի 7-ին: [b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր