211652_close_icon
views-count1356 դիտում article-date 13:41 27-11-2018

Ողջ ծավալով գործի կդրվեն օրենքով նախատեսված բոլոր միջոցները քողարկված ձևերով ընտրակաշառք տալու դեպքերը բացահայտելու համար. դատախազության հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որով ընտրություններում ներգրավված անձնաց, կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին հորդորում է ձեռնպահ մնալ զարտուղի, անօրինական միջոցներով ընտրական գործընթացների վրա ներազդելու, մրցակցային առավելություններ ստանալու փորձերից: Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարությունը. «Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և համացանցում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների կողմից ակտիվ քաղաքացիական շրջանակների ներկայացուցիչներին, ընտրողներին նախընտրական շտաբներում վարձավճարով աշխատանքի ընդունելու կամ զարտուղի այլևայլ եղանակների անվան տակ քողարկված ընտրակաշառք, նյութական արժեքներ տալու մասին: Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ 2018թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով քրեական պատասխանատվություն է նախատեսում ոչ միայն որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով ընտրողին կաշառք տալու և վերջինիս կողմից այն ստանալու, այլև ընտրությունների ողջ ժամանակահատվածում բարեգործության արգելքի խախտման, ինչպես նաև ընտրողներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, ապրանքներ տալու, ծառայություններ մատուցելու համար: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 5-րդ մասով մինչև Ազգային ժողովի ընտրվելու մասին որոշումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, կամ լիազոր ներկայացուցչի կողմից որևէ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը կամ ծառայություններ մատուցելը, կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը ծանր հանցագործություն է: Դրա համար նախատեսված է պատիժ՝ երկուսից վեց տարի ժամկետով ազատազրկման ձևով: Ինչպես հանրությանը, այնպես էլ հատկապես ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հավաստիացնում ենք, որ ՀՀ դատախազությունը հանձնառու է իր իրավասության սահմաններում ձեռնարկելու միջոցներ՝ ցանկացած՝ այդ թվում՝ բարեգործության քողի տակ, քաղաքացիաիրավական կամ աշխատանքային ձևական պայմանագրերի հիման վրա կամ քողարկված այլ եղանակով իրականում ընտրողներին անհատույց դրամ կամ այլ նյութական արժեքներ տալու դեպքերը պարզելու վերաբերյալ տեղեկությունները ստուգելու, անհրաժեշտության դեպքում օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ կատարելու հանձնարարություն տալու, դրանց կապակցությամբ համապատասխան դատավարական ընթացակարգեր իրականացնելու միջոցով ընտրական հանցագործության դեպքերն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ: Հարկ ենք համարում ընդգծել, որ օրենսդրական վերջին փոփոխությունները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություն ունեցող մարմիններին օժտել են անհրաժեշտ լեգիտիմ հնարավորություններով՝ լայնածավալ միջոցառումների միջոցով պարզելու քողարկված ցանկացած դեպքի իրական հանգամանքները: Այդ հնարավորությունները օրենքով սահմանված կարգով գործի են դրվելու ամբողջ ծավալով: Ուստի ընտրություններում ներգրավված անձնաց, կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին հորդորում ենք ձեռնպահ մնալ նմանատիպ զարտուղի, անօրինական միջոցներով ընտրական գործընթացների վրա ներազդելու, մրցակցային առավելություններ ստանալու փորձերից, իսկ քաղաքացիներին կոչ ենք անում նմանատիպ ցանկացած երևույթի ականատես լինելու, դրանց վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության տիրապետելու դեպքում անհապաղ դիմել ՀՀ դատախազությանը կամ իրավապահ մյուս մարմիններին»:

Նմանատիպ նյութեր