18311 դիտում
15:58 30-10-2018
Ձեզ բացակա չենք դնի. Լոռու մարզի Կաթնաջուրի միջնակարգ դպրոցի 2 դասարաններ անվանակոչվեցին զոհված հերոսների անուններով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի Սողոմոն Սեյրանյանի անվան դպրոցի երկու դասարաններ անվանակոչվեցին հայրենիքի համար իրենց կյանքը տված գյուղի 2 հերոս տղաների՝ Արտյոմ Վարդերեսյանի և Սարգիս Մանուկյանի անուններով:
Մինչ անվանակոչությունը, դպրոցի աշակերտները մեծարման միջոցառում էին կազմակերպել, որին ներկա էին հերոսների ընտանիքի անդամները, Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, ԵԿՄ մարզխորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը, զոհված զինծառայող Գոռ Խուդինյանի եւ Տիգրան Պողոսյանի ծնողները, համայնքի ղեկավարն ու բնակիչները:
Զոհված զինծառայողներ Ս. Մանուկյանն ու Ա. Վարդերեսյանը հետմահու պարգեւատրվեցին «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ հայրենիքի համար անձնուրաց մարտնչելու եւ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ:
Միջոցառման ավարտից հետո ներկաները շրջեցին անվանակոչված դասասենյակներով, խոնարհվեցին հերոսների նկարների առաջ ու խոստացան նրանց բացակա երբեք չդնել:
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ա. Վարդերեսյանին նվիրված խաչքարին, այնուհետ արդեն մոմեր վառեցին Ս. Մանուկյանի ընտանիքի անդամների կողմից կառուցված մատուռում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Կաթնաջուր համայնքի բնակիչ Արմեն Ավագյանը, ում ջանքերով ու միջոցներով նորոգվել էին անվանակոչված դասասենյակներն ու ով ամեն ինչ արել էր միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար, ասաց, որ նպատակ ունի գյուղի 3 գլխավոր փողոցներն անվանակոչել 3 հերոսների՝ Ա. Վարդերեսյանի, Ս. Մանուկյանի եւ արցախյան հերոս Սողոմոն Սեյրանյանի անուններով:
Ս. Մանուկյանը ծնվել է 1997թ-ին, մահացել է 2016թ-ի մարտի 30-ին ՀՀ ՊՆ Արարատի մարզի N զորամասում մարտական հերթապահություն կատարելու ժամանակ, դեռեւս անհայտ պայմաններում:
Ա. Վարդերեսյանը ծնվել է 1996թ-ին, զոհվել 2016թ-ի մարտի 17-ին ԼՂՀ սահմանին դիտորդի պարտականությունն իրականացնելիս թշնամու կողմից արձակված գնդակից:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+