4475 դիտում
11:36 15-10-2018
Լենա Նազարյանը ներկայացրել է ԵԽԽՎ-ում ունեցած հանդիպումների արդյունքները
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում Ստրասբուրգում ունեցած հանդիպումների արդյունքները:
Լ. Նազարյանը հանդիպումների արդյունքները ներկայացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջումն կատարած գրառման միջոցով:
«Հակիրճ ներկայացնեմ անցած շաբաթ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացքում իմ ունեցած հանդիպումների արդյունքները:
Նախ, հիշեցնեմ, որ վերջերս հրապարակվեց ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ, որում նա մասնավորապես ասում էր, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության թիվը ցույց է տվել, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռ ցածր է և կոչ արել, որ Հայաստանում հարգեն ժողովրդավարական արժեքները…
Մի կողմ դնելով այն փաստը, որ եվրոպական շատ երկրներում, Արևելյան գործընկերության անդամ երկրներում տեղական մարմինների ընտրությունների ժամանակ գրեթե նույն չափի կամ աննշան տարբերությամբ մասնակցություն է գրանցվում, շատ տարօրինակ է նման գնահատական տալ մի հանրությանը, որը գոնե վերջին տասնամյակում երբեք այսքան շահագրգիռ չի եղել իր մասնակցությամբ քաղաքական գործընթացների վրա ազդելու առումով:
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեի և ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Վոյչեխ Սավիցկի հետ հանդիպումների ժամանակ, տեղեկացրել եմ, որ մենք, անչափ կարևորելով Հայաստանում ԵԽԽՎ-ի կողմից իրականացվող մոնիտորինգային գործընթացը, ակնկալում ենք, որ այսուհետ մոնիտորինգի համազեկուցողները կլսեն բոլոր կողմերի փաստարկները, այլ ոչ թե հիմք կընդունեն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կարծիքը, որը դեռ մեծամասամբ ներկայացնում է ՀՀԿ-ն և իրենց կողմնապահ հայտարարություններով չեն ստվերի ԵԽԽՎ-ի հեղինակությունը, ինչպես նաև թույլ չեն տա, որ իրենց անունը շահարկվի քաղաքական նպատակներով:
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեն, ով ուշադրությամբ հետևել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, շնորհավորեց մեզ (Հայաստանին) բացառապես խաղաղ եղանակով իշխանափոխության կապակցությամբ:
ԵԽԽՎ-ի նախագահը և ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարի հայտնած միակ մտահոգությունը վերաբերում էր ԸՕ-ի և ընտրությունների ժամկետին, Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանը: Միաժամանակ, ԵԽԽՎ նախագահը հատուկ ընդգծեց, որ դա իր անձնական կարծիքն է, և որ վերջնական որոշումը ՀՀ կառավարությունը պետք է կայացնի։
Հանդիպել եմ նաև հոկտեմբերի 11-ին նոր նշանակված մոնիտորինգային խմբի համազեկուցող Անդրեյ Շիրչելի (Սլովենիա) հետ: Ասել եմ, որ պատրաստ ենք նոյեմբերին ընդունել մոնիտորինգային խմբին Հայաստանում, պատասխանել բոլոր հարցերին և որ որևէ խոչընդոտ չկա նրանց աշխատանքը մեր երկրում արդյունավետ կազմակերպելու համար:
Հանդիպումներ եղել են նաև Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ Բոյանա Ուրումովայի, ԵԽԽՎ նախկին նախագահ, ԵԽԽՎ-ի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի նախկին ղեկավար և Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ստելլա Կիրիակիդեսի, ԵԺԿ խմբի նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Պոսիեժի և Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Իըն Լիդդել-Գրեյնջերի հետ:
Բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքները, կառավարության առաջնահերթությունները, տեղեկացրել եմ ներքաղաքական վերջին զարգացումների, քաղաքական ուժերի հետ բանակցությունների արդյունքների և հասարակական տրամադրությունների վերաբերյալ։
ԵԽԽՎ գործընկերները հստակորեն ընդգծել են իրենց աջակցությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, շեշտել իրավիճակի զարգացման ողջ ընթացքում Սահմանադրության պահպանման, զոհերի և անկարգությունների բացակայության կարևորությունը և հայտնել են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին իրենց օժանդակության մասին։ Միաժամանակ, առկա էր ընդհանուր ըմբռնում, որ, իրապես, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է, ինչը թույլ կտա հանգուցալուծել ներկայումս ծառացած քաղաքական ճգնաժամը։ ԵԽԽՎ ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ուղարկել դիտորդական առաքելություն՝ ընտրությունները դիտարկելու համար:
Այցի ընթացքում կազմակերպչական աջակցության համար շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին»:
Նմանատիպ նյութեր
10510 դիտում
15:01 12-05-2018
Լենա Նազարյանը կմնա Ազգային ժողովում
Այս բաժնից
640 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
502 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
502 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել